ԻՊ-ն հարձակվել է Ռամադի քաղաքի վրա
Միջազգային«Իսլամական պետությունը» մի քանի ուղղություններով հարձակում է գործել Իրաքի Ռամադի քաղաքի վրա:
Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, հարձակումից հետո Դաջիլ շրջանում թեժ բախումներ են սկսվել իրաքյան անվտանգության ուժերի և ԻՊ-ի ահաբեկիչների միջև: Բախումների ժամանակ Ռամադի քաղաքի հյուսիսում գտնվող Սարասիր լճի մոտ չորս ականապատ մեքենա են պայթել:
Մեկ այլ ականապատ մեքենա է պայթել մայրքաղաք Բաղդադի Քարրադա թաղամասում, որի հետևանքով երկու զոհ և վեց վիրավոր է արձանագրվել:
Արաբական մեկ այլ աղբյուրի տեղեկացմամբ, իրաքյան ուժերը Բայջի նավթավերամշակման գործարանում շրջափակման մեջ են հայտնվել ԻՊ-ի կողմից: Շրջափակման մեջ են գտվում մոտ 200 ոստիկաններ, զինվորներ, հատուկ նշանակության ջոկատների անդամներ: ԻՊ-ն վերահսկողություն է հաստատել գործարանի մի մասի վրա:
ԱՄՆ-ի գլխավորությամբ միջազգային դաշինքը սխալմամբ ռմբակոծել է ազգային ջակատների դիրքերը Բաղդադի մերձակայքում, ինչի հետևանքով երկու զոհ և մի քանի վիրավոր են արձանագրվել, ոչնչացվել են մեծ քանակությամբ զենքեր:
«Իսլամական պետություն» իսլամիստական ահաբեկչական կազմակերպությունը գործում է Սիրիայի և Իրաքի տարածքներում: 2013 թ. ապրիլին «Ալ Կաիդա»-ի երկու ճյուղերի միավորման արդյունքում ձևավորվել է խմբավորում՝ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» անվանումով, որի նպատակն էր կազմավորել իսլամական էմիրություն Լիբանանի, Սիրիայի և Իրաքի տարածքներում: 2014 թ. հունիսի 29-ին ԻԼԻՊ-ը Սիրիայի և Իրաքի գրաված տարածքներում հայտարարել է Իսլամական խալիֆաթ հիմնելու մասին, որի խալիֆ է նշանակվել Աբու Բաքր ալ Բաղդադին: Այնուհետև կազմակերպության անվանումը փոխելու որոշում է ընդունվել, և այնվերանվանվել է «Իսլամական պետություն»: Խմբավորման կազմում կռվում են 80 երկրի ապստամբներ: