Հալեպում շարունակվում են ռմբակոծություններն ու զինված բախումները
ՄիջազգայինՀալեպում շարունակվում են բնակելի թաղամասերի վրա հրթիռակոծություններն ու զինված բախումները:
Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «Գանձասար» շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջից: Հալեպահայությունն կյանքի անապահովության և կենցաղային մեծ դժվարությունների առաջ է կանգնել: Մի կողմից տնտեսական սղաճը, գործազրկությունն ու սիրիական լիրայի համեմատական անկումն անելանելի կացության են մատնել հատկապես բազմանդամ ընտանիքներին: Իսկ մյուս կողմից՝ էլեկտրականության, ջրի անջատումները, համացանցի ծառայության ավելի քան 40 օր ընդհատումներն առավել ծանր են դարձրել Հալեպի բնակչության առօրյան:
Այսուհանդերձ, հայկական միությունները դժվարին պայմաններում շարունակում են գործել և համախմբել հայ երիտասարդությանը, որը միշտ պատրաստակամությամբ և բարձր գիտակցությամբ շարունակում է ծառայել համայնքին:
Հայաշատ Հալեպը 2012 թ. ամռանից հայտնվել է կառավարական ուժերի և զինված տասնյակ խմբավորումների բախումների թիրախում, և մինչ այսօր դրանք այնտեղ չեն դադարում: Քաղաքը բաժանվել է երկու մասի՝ արևելյան հատվածը գտնվում է զինված տասնյակ խմբավորումների, իսկ արևմտյան թաղամասերը՝ սիրիական կառավարական ուժերի հսկողության տակ:
ՄԱԿ-ի տվյալներով` Սիրիայում մոտ 4 տարի շարունակվող բախումների հետևանքով զոհերի թիվը անցել է 220 հազարից: Զոհված հայերի թիվը գերազանցել է 100-ը: