ԱՄՆ-ն Եմենին 68 միլիոն դոլարի օգնություն կտրամադրի
ՄիջազգայինԱՄՆ-ն Եմենին 68 միլիոն դոլար կտրամարդի՝ որպես մարդասիրական օգնություն: Ինչպես հաղորդում են միջազգային լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին: «Մարդասիրական կազմակերպություններին փոխանցված գումարը նախատեսված է օգնելու համար 16 միլիոն մարդու, ովքեր լուրջ վնասներ են կրել Եմենի հակամարտության արդյունքում: Նվազագույնը 300 հազար մարդ հարկադրված լքել են իրենց տները և հեռացել հանրապետությունից»,- նշել է Քերին:
Ավելի վաղ ՄԱԿ-ը կոչ էր արել Սաուդյան Արաբիային դադարեցնել ռմբակոծությունները Եմենի օդանավակայանների ուղղությամբ:
Արաբական աղբյուրների տեղեկացմամբ՝ տասնյակ խաղաղ բնակիչներ են զոհվել Եմենի Ադեն քաղաքի շրջանների ռմբակոծության հետևանքով: Մոտ 45 փախստականներ են զոհվել Թաուահի շրջանի ռմբակոծության հետևանքով, տասնյակ մարդիկ վիրավորվել են:
Եմենում 2014թ. օգոստոսից շարունակվում է քաղաքական ճգնաժամը: Հունվարի վերջին շիաները երկրի նախագահին և վարչապետին ստիպել էին հրաժարական տալ: Նրանք իրենց ձեռքն էին վերցրել պետական հաստատությունները: Նախագահը հայտնվել էր տնային կալանքի տակ, սակայն որոշ ժամանակ անց տեղափոխվել էր Ադեն քաղաք: Այժմ Աբդ Ռաբբո ալ Հադին միջազգային մակարդակում ընդունվում է որպես երկրի գործող նախագահ:
«Վճռականության փոթորիկ» գործողությունները, Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ, սկսվել են մարտի 26-ի գիշերվանց: Սաուդյան Արաբիային աջակցում են Բահրեյնը, Քատարը, Քուվեյթը և ԱՄԷ-ն: Դաշինքն ապրիլի 21-ին հայտարարել էր գործողությունների ավարտի և միաժամանակ նոր գործողություններ սկսելու մասին, որոնք կրում են «Հույսի վերականգնում» անվանումը: