Ալյասկայի եւ Հավայիների բնակիչները խնդրել են ՄԱԿ-ին իրենց ինքնորոշման իրավունք ընձեռել
ՄիջազգայինԱլյասկայի եւ Հավայան կղզիների բնիկ ժողովուրդները դիմել են ՄԱԿ-ին ինքնորոշման իրենց իրավունքն ապահովելու խնդրանքով, հաղորդում Է ՏԱՍՍ-ը:
Մայիսի 7-ին «Հանուն ինքնորոշման Ալյասկա-Հավայիներ դաշինք» համատեղ աշխատանքային խումբը հայտարարություն Է տարածել մայիսի 11-ին այս հարցը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի քննարկմանը ներկայացնելու՝ ՄԱԿ-ի անդամ երկրներին ուղղված խնդրանքով: Բնիկ ժողովուրդների ներկայացուցիչները մամուլի հետ հանդիպել են Ժնեւում՝ Շվեյցարիայի մամուլի ակումբում:
Ռոնալդ Բառնսը եւ Լեոն Սիուն (որոնք համապատասխանաբար ներկայացնում են Ալյասկան եւ Հավայիները) ԱՄՆ-ի քաղաքականությունը որակել են իրենց տարածքների օկուպացում: Նրանք մտադիր են շտկել դրությունը՝ հենվելով ՄԱԿ-ի խաղաղ մեխանիզմների եւ տարածաշրջաններում հետագա հանրաքվեների վրա:
Ալյասկայի բնիկ ժողովուրդներ են համարվում ալեուտները եւ Էսկիմոսները, Հավայիներինը՝ պոլինեզացիները: