Սիրիական բանակը Իդլիբ և Կունեյտրա մարզերում մեծ վնասներ է հասցրել ահաբեկչական խմբավորումներին
ՄիջազգայինՍիրիական բանակը տասնյակ ահաբեկիչների է ոչնչացրել Իդլիբի մարզում՝ Քաֆրահայայի շրջանում:
Ինչպես հաղորդում է սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, նաև ոչնչացվել են ահաբեկիչներին պատկանող մի քանի մեքենաներ: Ռազմական աղբյուրների տեղեկացմամբ, Կունեյտրայի գյուղերում բանակը լուրջ վնասներ է հասցրել «Ջաբհա ան նուսրա» խմբավորման թաքստոցներին, նաև «Ջեյշ ալ Իսլամ», «Ահրար աշ Շամ» խմբավորումներին: Բացի այդ, բանակի ստորաբաժանումներից մեկը Ում ալ Քաբր գյուղում «Իսլամական պետության» տասնյակ անդամների է ոչնչացրել:
Ավելի վաղ սիրիական բանակը լիբանանյան «Հըզբոլլահ»-ի անդամների հետ մայիսի 7-ին ամբողջովին վերահսկողություն էր հաստատել սիրիա-լիբանանյան սահմանի մերձակայքում գտնվող Ջուրուդ Ասալ ալ Ուարդ բարձունքների վրա: Սիրիական բանակը «Հըզբոլլահ»-ի հետ հարձակում էր իրականացրել Ջուրուդ Ասալի վրա՝ հսկողություն հաստատելով զինյալների դիրքերի վրա: Բախումների արդյունքում տասնյակ զինյալներ են սպանվել և վիրավորվել, այդ թվում սպանվել է «Ջաբհա ան նուսրա» խմբավորման ղեկավարը:
Սիրիական բանակն արդեն չորս տարի անընդմեջ պայքար է մղում տասնյակ զինված խմբավորումների դեմ՝ փորձելով երկրում վերականգնել կայունությունն ու անվտանգությունը: