Եմենում բախումների ժամանակ մոտ 40 շիա է զոհվել
ՄիջազգայինԵմենում մայիսի 8-ին «Անսար Ալլահ» շարժման շուրջ 40 անդամ են զոհվել Եմենի նախագահ Աբդ Ռաբբո Մանսուր Հադիի կողմնակիցների հետ բախումների ժամանակ:
Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, 22 զոհ է գրանցվել երկրի հարավում գտնվող Շաբուա նահանգի Աթակ քաղաքում, ևս 15-ը զոհվել են Աբյան նահանգի Լաուդար քաղաքի մոտ տեղի ունեցած բախումների ժամանակ: Տեղեկություններ կան, որ բախումների ժամանակ արաբական դաշինքի օդանավերն օժանդակել են Մանսուր Հադիի կողմնակիցներին:
Արաբական մեկ այլ աղբյուրի տեղեկացմամբ, Եմենի ցեղախմբերը, որոնք պայքարում են սաուդա-եմենյան սահմանի մերձակայքում, վերահսկողություն են հաստատել սաուդական մի քանի դիրքերի վրա և շարունակում են պատասխանել նրանց հարվածներին:
Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ Սաուդյան Արաբիան Եմենի ալ Հադիդա քաղաքոմ ռմբակոծել է օդանավակայանը և օդային պաշտպանության դիրքերը: Նաև ռմբակոծվել է մայրաքաղաք Սանայի Ֆաջ Ատան շրջանը, Սաադա քաղաքը:
Եմենի զինված ուժերը հայտարարել են, որ մեկ շաբաթվա ընթացքում 377 զոհ ու 2459 վիրավոր է գրանցվել Սաուդյան Արաբիայի ռմբակոծությունների հետևանքով:
«Վճռականության փոթորիկ» գործողությունները Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ սկսվել են մարտի 26-ի գիշերից: Սաուդյան Արաբիային աջակցում են Բահրեյնը, Կատարը, Քուվեյթը և ԱՄԷ-ն: Դաշինքն ապրիլի 21-ին հայտարարել էր գործողությունների ավարտի և միաժամանակ նոր գործողություն սկսելու մասին, որը կրում է «Հույսի վերականգնում» անվանումը: