«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը քննադատել է ադրբեջանցի լրագրողի կալանքի երկարաձգումը
ՀասարակությունԼրագրողների իրավունքների խնդրով զբաղվող միջազգային «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը քննադատել է ադրբեջանական դատարանի որոշումը՝ լրագրող Ռաուֆ Միրքադիրովին կալանքի տակ պահելու վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ադրբեջնական Contact.az-ը:
«Միրքադիորվի ձերբակալությունը մեզ խորապես անհանգստացնում է: Կասկած չկա, որ կատարվածն ունի քաղաքական բնույթ: Մենք կրկին կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը դադարեցնել հետապնդումներն ու ազատ արձակել այս լրագրողին»,- ասել է Լրագրողներ առանց սահմանների կազմակերպության՝ Արևելյան Եվրոպայի և Կնետրոնական Ասիայի բաժնի ղեկավար Յոհան Բիրը՝ անօրինական համարելով Միրքադիրովի կալանքի ժամկետի երկարաձգումը:
Ադրբեջանցի լրագրող Ռաուֆ Միրքադիրովը ձերբակալվել է 2014 թվականի ապրիլի 19-ին` Թուրքիայից արտաքսվելուց անմիջապես հետո: Նրա դեմ ներկայացվել է Հայաստանի օգտին լրտեսություն անելու և պետական դավաճանության մեղադրանք: Ադրբեջանական կողմի համոզմամբ` լրագրողը հայկական կողմին տեղեկատվություն է տրամադրել Ադրբեջանում ռազմական ուժերի տեղադրության վերաբերյալ: Ինքը` Միրքադիրովը, հերքում է նմանօրինակ մեղադրանքները` դրանք համարելով անհիմն: Լրագրողի կալանքի ժամկետը 2015 թվականի մայիսի 7-ին դատարանի որոշմամբ երկարաձգվել է ևս 4 ամսով: