Քրդական կուսակցությանը ձայներ չտալու համար Թուրքիան Իրաքում ընտրատեղամասեր չի բացել
ՄիջազգայինԹուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ երկրի իշխանությունները շարունակում են խախտել ընտրակարգն ու գործընթացում բոլորի ներգրավման հավասարությունը: Ինչպես հաղորդում է շթուրքական Demokrathaber.net-ը, Իրաքի տարածքում քրդամետ կուսակցության օգտին քվեներ չգրանցելու հետին մտքով որևէ ընտրատարածք չի բացվել:
Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության Շըրնաքի պատգամավոր Հասիփ Քափլանն այս առնչությամբ հայտարարություն է արել` ասելով, որ ընտրատեղամասեր չեն բացվել այն պատճառով, որ տեղի թուրքերը մեծամասամբ ձայները տալու էին քրդական կուսակցությանը:
Թուրքիայի բարձրագույն ընտրական հանձնաժողովն այս կապակցությամբ ավելի վաղ ներկայացրած դիմումին ի պատասխան նշվել էր, թե իբր ընտրատեղամասեր չեն բացվել, քանի որ Իրաքում Թուրքիայի քաղաքացիները քիչ են: Մինչդեռ Թուրքիայի ԱԳՆ տվյալներով` Իրաքում բնակվում է Թուրքիայի 125 հազար քաղաքացի: Թուրքիայի ամենաշատ քաղաքացիներ ունեցող երկրների շարքում Իրաքը հինգերորդն է` հաջորդելով Գերմանիային, Նիդերլանդներին, Բելգիային և Ֆրանսիային: Ուշագրավ է նաև, որ ընտրատեղամասեր բացվել են անգամ այնպիսի երկրներում, ինչպիսիք են Իռլանդիան, Թայլանդը, Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Ճապոնիան, Բահրեյնը կամ Սուդանը:
Թուրքիայում խորհրդարանական ընտրությունները կմեկնարկեն հունիսի 7-ին: Երկրի ներսում ընտրություններին կմասնակցի 53 միլիոն 765 հազար 231 մարդ, իսկ արտասահմանում` 2 միլիոն 867հազար 658: Ընտրություններում ներգրավված են 20 կուսակցություն, պատգամավորության 165 անկախ թեկնածու: