Եվրախորհրդարանի կոմիտեն կոչ է արել ԵՄ-ին՝ վերանայել Ռուսաստանի հետ հարաբերությունները
ՄիջազգայինԵվրախորհրդարանի արտաքին գործերի կոմիտեն հաստատել է այն զեկույցը, որը կոչ է անում վերագնահատել Եվրամիության եւ Ռուսաստանի հարաբերությունները, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին:
Զեկույցը բազային փաստաթուղթ է Եվրախորհրդարանի կողմից բանաձեւի ընդունման համար: Փաստաթուղթը, մասնավորապես, կոչ է անում Եվրամիությանը՝ հակազդել «ԵՄ-ի ու նրա գործընկերների նկատմամբ Ռուսաստանի կողմից իրականացվող ագրեսիվ ու բաժանարար քաղաքականությանը»:
Կոմիտեն նաեւ կոչ է արել Բրյուսելին՝ դադարել Ռուսաստանը ռազմավարական գործընկեր համարելուց, քանի որ Մոսկվան, եվրապատգամավորների կարծիքով, փորձում է փոխել գործող համաշխարհային կարգը եւ հանդես գալ որպես «միջազգային դեմոկրատական հանրակցության մրցակից»:
Պատգամավորները Ռուսաստանին որպես գործընկերության վերականգնման պայման են առաջադրել Մինսկի համաձայնությունների ամբողջական կատարման եւ Ղրիմն Ուկրաինային վերադարձնելու պահանջը: Ընդ որում ԵԽ-ի կոմիտեն նպատակահարմար է համարել կոչ անել Եվրամիության երկրներին՝ հրաժարվել պաշտպանության ոլորտում Ռուսաստանի հետ համագործակցությունից եւ վերանայել ՌԴ-ի հետ կնքված բոլոր երկկողմ համաձայնագրերը: