Իրաքում գաղթականների թիվը գերազանցել է 2,8 միլիոնը
ՄիջազգայինԻրաքում գաղթականների թիվը գերազանցել է 2,8 միլիոնը: Այդ մասին հայտարարել է Միգրացիայի միջազգային կազմակերպությունը: Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, կազմակեևրպության մամուլի քարտուղար Լեոնարդ Դուեյլը պարզաբանել է, որ երկու միլիոն ութ հարյուր երեսուն հազար իրաքցիներ ստիպված լքել են իրենց տները: Վիճակագրական տվյալները ընդգրկում են 2014թ.-ի հունվարից մինչև 2015թ.-ի ապրիլ ընկած ժամանակահատվածը: Նրա խոսքով՝ վերջին երկու շաբաթների ընթացքում գաղթականների մեծ թիվը կապված է Անբարի մարզի Ռամադի քաղաքում տիրող ճգնաժամի հետ:
Նա նաև նշել է, որ Ռամադից և արվարձաններից գաղթականների թիվն «Իսլամական պետության» հարձակման սկզբից գերազանցել է 100 հազարը:
Մյուս կողմից, իրաքյան ուժերը ջանքեր են գործադրում Ռամադի քաղաքն ԻՊ-ից ազատագրելու համար: Նախորդ օրերի ընթացքում ազատագրվել էր քաղաքի Շարիքա շրջանը, և իշխանությունները բնակիչներին կոչ են արել վերադառնալ իրենց տները:
«Իսլամական պետություն»-ն Իրաքի հյուսիսում իր հարձակումները սկսել է 2013թ.-ի ամառվանից և մինչև այժմ իր ձեռքում է պահում երկրի մեկ երրորդ տարածքը:
«Իսլամական պետություն» իսլամիստական ահաբեկչական կազմակերպությունը գործում է Սիրիայի և Իրաքի տարածքներում: 2013 թ. ապրիլին «Ալ Քաիդա»-ի երկու ճյուղերի միավորման հետևանքով ձևավորվել է խմբավորում՝ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» անվանումով, որի նպատակն էր կազմավորել իսլամական էմիրություն Լիբանանի, Սիրիայի և Իրաքի տարածքներում: 2014թ. հունիսի 29-ին ԻԼԻՊ-ը Սիրիայի և Իրաքի գրաված տարածքներում հայտարարել է Իսլամական խալիֆաթ հիմնելու մասին, որի խալիֆ է նշանակվել Աբու Բաքր ալ Բաղդադին: Այնուհետև կազմակերպության անվանումը փոխելու որոշում է ընդունվել, և այն վերանվանվել է «Իսլամական պետություն»: Խմբավորման կազմում կռվում են 80 երկրի ապստամբներ: