Եմենի հարցով ՄԱԿ-ի բանագնացը մտահոգված է զինադադարի խախտման փաստերով
ՄիջազգայինԵմենի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Իսմայիլ Ուլդ Շեյխ Ահմեդը ողջունել է Եմենում մայիսի 13-ին ուժի մեջ մտած զինադադարը, սակայն ուշադրություն է դարձրել զինադադարի խախտման վրա:
Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, նա Եմենի հակամարտող բոլոր կողմերին կոչ է արել պահպանել զինադադարը: Բանագնացը մտահոգություն է հայտնել, որ մի քանի շրջաններում բախումները շարունակվել են:
Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ Եմենում մեկնարկած զինադադարը մեկ ժամ է տևել: Սաուդական օդանավերը օդային հարվածներ են հասցրել եմենյան Սաադա և Հաջջա քաղաքներին: Նաև ռումբեր են ընկել Եմենի հարավ-արևմուտքում գտնվող Աբյան քաղաքում շիա ապստամբների՝ հոուսիների դիքերի ուղղությամբ: Բացի այդ, Եմենի կողմից Սաուդյան Արաբիայի ուղղությամբ նույնպես ռումբեր են արձակվել: Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության տեղեկություններով ռմբակոծվել են Նաջրան և Ջազան շրջանները:
«Վճռականության փոթորիկ» գործողությունները Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ սկսվել են մարտի 26-ի գիշերը: Սաուդյան Արաբիային աջակցում են Բահրեյնը, Կատարը, Քուվեյթը և ԱՄԷ-ն: Դաշինքն ապրիլի 21-ին հայտարարել էր գործողությունների ավարտի և միաժամանակ նոր գործողություն սկսելու մասին, որը կրում է «Հույսի վերականգնում» անվանումը: