ԵԱՏՄ-ն ցանկանում է մինչև տարեվերջ ընդունել միասնական մաքսային օրենսգիրքը
ՄիջազգայինԵվրասիական տնտեսական միության կոլեգիան միության միասնական մաքսային օրենսգրքի վերաբերյալ քննարկումներ է անցկացրել ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների պետական մարմինների ու բիզնեսի ներկայացուցիչների հետ: ԵԱՏՄ միասնական մաքսային օրենսգիրքը պետք է համաձայնեցվի միության անդամ բոլոր երկրների հետ: Այս մասին Երևանում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ-նախարար Վլադիմիր Գոշին ը: «Մենք միասնական մաքսային օրենսգրքի վերաբերյալ անցկացրել ենք քննարկումներ պետական մարմինների անդամների և բիզնեսի ներկայացուցիչների հետ բոլոր երկրներում: Հայաստանում արդեն քննարկումների վերջնական փուլն է ընթանում: Դեկտեմբերից երկրները ուսումնասիրում են այդ փաստաթուղթը: Մենք բոլոր երկրներից, բացի Հայաստանից, արդեն ունենք դիտողություններ և առաջարկներ: Հույս ունենք, որ այս հանդիպումներից հետո Հայաստանից էլ կստանանք արձագանք: Նաև հույս ունենք, որ Հայաստանն ակտիվորեն կմասնակցի փաստաթղթի մշակմանը»,- ասաց նա:
Վլադիմիր Գոշինը նշեց, որ օրենսդրության մշակման հիմքում դրված է պետության և բիզնեսի արտաքին առևտրի ծախսերն առավելագույնս նվազեցնելու սկզբունքը: «Երկուշաբթի մասնագիտական խումբը վերսկսում է իր աշխատանքները, որը քննարկում է բոլոր դիտողություններն ու առաջարկները, և հույս ունենք, որ մոտ ժամանակներս` մի քանի ամսվա ընթացքում, մենք վերջնական փաստաթուղթը կունենանք: Մաքսային օրենսգիրքն ընդունվելու է որպես միջպետական համաձայնագիր: Քանի որ մեր միությունում խորհրդարանի ստեղծում դեռևս չի պլանավորվում, բոլոր օրենքներն ընդունվում են միջազգային համաձայանգրերի տեսքով, որոնք հետո հաստատվում են երկրների խորհրդարանների կողմից»- պարզաբանեց նախարարը:
Գոշինը հույս հայտնեց, որ այս տարվա ընթացքում բոլոր գործընթացները կավարտվեն և միասնական մաքսային օրենսգիրքը կընդունվի ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների խորհրդարանների կողմից: