Դիվանագետ. Ռիգայի գագաթաժողովում կարող է հայտարարվել ՀՀ-ի հետ բանակցությունների մեկնարկի մասին
ՄիջազգայինԵՄ «Արեւելյան գործընկերության» Ռիգայում կայանալիք գագաթաժողովում հնրավոր է հայտարարվի Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկի մասին, որն Ասոցացման համաձայնագիր չէ, սակայն բխում է Հայաստանի շահերից, որպես ԵՏՄ անդամի։ Այս մասին «New Eastern Europe»-ին տված հարցազրույցում նշել է Լատվիայի ԱԳՆ «Արեւելյան գործընկերության» ծրագրերի համար հատուկ հանձնարարությունների դեսպան Յուրիս Պոյկանսը։
Նա նշել է տարածված կարծիքը, որ Ռիգայի գագաթաժողովը թեթեւ հանդիպում չի լինելու, հաշվի առնելով այն փաստը, որ Վիլնյուսի գագաթաժողովից հետո պարզ դարձավ, որ ԵՄ-ն եւ ՌԴ-ն տարբեր տեսակետներ ունեն իրենց հարեւանների ապագայի վերաբերյալ։
Հարցին, թե ի՞նչ մոտեցումներ կան այդ խնդրի վերաբերյալ եւ ինչպիսի՞ն են ակնկալիքները Ռիգայի գագաթաժողովից, Յուրիս Պոյկանսը պատասխանել է. «Ես համաձայն եմ, որ դա թեթեւ գագաթաժողով չի լինելու, առավել եւս, որ այդ հարեւանության վերաբերյալ մեր եւ Ռուսաստանի ընկալումները տարբերվում են։ Կարծում եմ, որ շատ դժվար է այս պահին փոխել այդ ընկալումը, բայց մենք, բոլոր դեպքերում, փորձում ենք հստակ ազդակ տալ մեր ռուս գործընկերներին եւ «Արեւելյան գործընկերության» անդամ երկրներին, որ գագաթաժողովն ինքնին ուղղված չէ ռուսական շահերի դեմ։ Դա մենք ցույց կտանք նաեւ մեր գործողություններով, օրինակ, ընդունելով Հայաստանի ու Բելառուսի արտաքին քաղաքական ընտրությունը, որոնք որոշել են դառնալ ԵՏՄ անդամ։ Եվ հակառակը, մենք սպասում ենք, որ Ռուսաստանը կընդունի Մոլդովայի, Վրաստանի եւ Ուկրաինայի եվրոպական ընտրությունը»։
Նա նաեւ հավելել է. «Մենք նաեւ կփորձենք բացատրել մեր ռուս գործընկերներին, որ մեր քաղաքականությունը քաղաքական գերիշխանության քաղաքականություն չէ, այլ ուղղված է Եվրոպայի սահմաններից դուրս բարգաված եւ կայուն գոտու ստեղծմանը, քանի որ «Արեւելյան գործընկերության» երկրները նաեւ մեր հարեւաններն են»։