Իրանը պատրաստ է պատժամիջոցների վերացումից հետո Եվրոպային նավթ մատակարարել
ՄիջազգայինԻրանը պատրաստ է պատժամիջոցները վերացնելուց անմիջապես հետո նավթ մատակարարել Եվրոպայի երկրներին: Այս մասին ԻՍՆԱ գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Իրանի նավթի նախարարության ներկայացուցիչ եւ Իրանական ազգային նավթային ընկերության միջազգային հարցերով տնօրեն Մոհսեն Կամսարին:
Նրա խոսքով, Իրանը կարող է ապահովել ներկայում Եվրոպայի կողմից օգտագործվող նավթի ծավալների գրեթե կեսը: «Պայմանագրերը կկնքվեն սփոթային գործարքների տեսքով՝ մինչեւ ավարտվեն այլ մատակարարների հետ եվրոպական երկրների պայմանագրերը, եւ նրանք պատրաստ լինեն նոր՝ երկարաժամկետ համաձայնագրերի»,- Մոհսեն Կամսարիի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:
Սփոթային առեւտուրը նավթային շուկայում նախատեսում է կարճաժամկետ գործարքներ, որպես կանոն՝ նավթի կամ նավթամթերքի սահմանափակ խմբաքանակի համար:
Ավելի վաղ Իրանի Նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն հայտարարել է, որ երկիրը ծրագրում է նավթի արդյունահանումն օրական 1 մլն բարելով ավելացնել, երբ Իրանի միջուկային ծրագրի շուրջ Համապարփակ համաձայնագիր ստորագրվի, որ կնախատեսի պատժամիջոցների լիարժեք վերացում:
Նշենք, որ ներկայում Իրանն օրական 1.1 մլն բարել նավթ է արտահանում եւ մշտապես ավելացնում է իր արտահանման ենթակառուցվածքները, վերակառուցում է Պարսից ծոցի նավթային նավահանգիստները, ընդլայնում է նավթային պահուստարանների եւ տերմինալների ցանցը: 2012 թվականին ընդունված պատժամիջոցների վերջին փաթեթից առաջ, Իրանն օրական 2.5 մլն բարել նավթ էր արտահանում: