Մակեդոնիայի ընդդիմությունն բողոքի անժամկետ ակցիա է սկսել վարչապետի ու նրա կառավարության դեմ
ՄիջազգայինՍկոպիեում մայիսի 17-ին կառավարության շենքի դիմաց բողոքի անժամկետ ակցիա է սկսվել Մակեդոնիայի վարչապետ Նիկոլա Գրուեւսկու եւ նախարարների նրա կաբինետի դեմ: Ցույցի կազմակերպիչը Մակեդոնիայի սոցիալ-դեմոկրատական միությունն (ՄՍԴՄ) է՝ Զորան Զաեւի գլխավորությամբ, որը պահանջել է վարչապետի հրաժարականը՝ նրան մեղադրելով իշխանական լիազորութ յունների չարաշահման բազմաթիվ դեպքերի, կոռուպցիայի եւ պետական միջոցների ոչ ռացիոնալ օգտագործման մեջ:
Երկրի մայրաքաղաքում հանրահավաք են անցկացրել ՄՍԴՄ-ի 20 հազար կողմնակիցներ, թեեւ սոցիալ-դեմոկրատների առաջնորդն ակնկալում էր, որ իրեն կաջակցի ավելի քան 100 հազար մարդ:
Ակցիայի մասնակիցները բացականչում էին հակակառավարական կարգախոսներ եւ թափահարում ցուցապաստառներ՝ «Մնաս բարով, Նիկոլա» մակագրությամբ: Ակցիան խաղաղ ընթացք է ունեցել, ներքին գործերի նախարարությունը խախտումների մասին չի հայտնել:
Զաեւի կուսակցության կողմնակիցներից բացի, «Իլինդեն» ծառուղի, որտեղ գտնվում է նախարարների կաբինետի շենքը, ժամանել էին նաեւ եվրապատգամավոր Ռիչարդ Հովիտը, Եվրախորհրդարանում սոցիալ-դեմոկրատների խմբակցության փոխնախագահ Կնուտ Ֆլեկենշտայնը, ինչպես նաեւ Բուլղարիայի նախկին վարչապետ Սերգեյ Ստանիշեւը: «Եվրոպայի պատասխանատու մոտեցումը դրսեւորվում է նրանով, որ նա մի կողմ չմնա, այլ, ընդհակառակը, լսի, տեսնի ու մասնակցի»,- նշել է Հովիտը:
Հանրահավաքից հետո մի քանի հարյուր ընդդիմադիրներ վրաններ են խփել կառավարության շենքի դիմաց: Սոցիալ-դեմոկրատների մտահղացմամբ՝ այսուհետեւ բողոքի ակցիաներ են ընթանալու ամեն երեկո այնքան ժամանակ, քանի դեռ չի կատարվել Գրուեւսկու եւ նախարարների նրա կաբինետի պաշտոնաթողության ընդդիմության պահանջը:
Կառավարող Ներքին մակեդոնական հեղափոխական կազմակերպության- Մակեդոնական ազգային միասնության դեմոկրատական կուսակցության անդամները հայտարարել են մայիսի 18-ին հակաակցիա անցկացնելու մտադրության մասին, որը, նրանց խոսքով, «պետք է ստվերի ընդդիմադիրների ելույթը եւ ցուցադրի ուժերի իրական դասավորությունը երկրում», հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: