Նաթանյահուն խոստացել է միասնական Երուսաղեմն ընդմիշտ պահպանել Իսրայելի ինքնիշխանության ներքո
ՄիջազգայինԻսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն խոստացել է Երուսաղեմի միասնությունն ընդմիշտ պահպանել Իսրայելի ինքնիշխանության ներքո, չնայած քաղաքի արեւելյան մասի նկատմամբ պաղեստինցիների հավակնություններին:
Մերձավորարեւելյան խաղաղ գործընթացի առանցքային հարցերից մեկի նկատմամբ Իսրայելի մոտեցումների անփոփոխության հավաստումը հնչել է Երուսաղեմի օրը, որը հրեական օրացույցով նշվում է 1967 թվականին Վեցօրյա պատերազմի արդյունքում քաղաքի միավորման տարեդարձի օրը:
«Այս առանձնահատուկ օրը մեզ համար պարզ է, որ բաժանված Երուսաղեմն անցյալում է մնացել: Ապագան պատկանում է միասնական Երուսաղեմին, որն այլեւս երբեք բաժանված չի լինելու»,- ասել է Նաթանյահուն: Անցած շաբաթ նա ձեւավորել է իր երրորդ անընդմեջ եւ կարիերայի ընթացքում չորրորդ կառավարությունը, որը գրեթե ամբողջությամբ բաղկացած է աջ եւ կրոնական կուսակցությունների ներկայացուցիչներից՝ խաղաղ գործընթացի եւ պաղեստինցիներին զիջումների հակառակորդներից:
«Մենք ընդմիշտ Երուսաղեմը կպահպանենք Իսրայելի ինքնիշխանության ներքո: Երուսաղեմը բոլոր ժամանակներում եղել է հրեա, ոչ թե որեւէ այլ ժողովրդի մայրաքաղաքը: Այստեղ սկզբնավորվել է մեր ազգը, սա մեր տունն է, այստեղ էլ մենք կմնանք»,- հավելել է վարչապետը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: