Բողոքի ակցիա ադրբեջանաիրանական սահմանում. 1000-ից ավելի մարդ չի կարողանում անցնել Իրան
ՄիջազգայինԱդրբեջանա-իրանական սահմանային Բիլյասուվարի անցակետում 1000-ից ավելի մարդ բողոքի ակցիա է կազմակերպել այն պատճառով, որ մաքսակետի աշխատակիցները թույլ չեն տալիս անցնել Իրան:
Ինչպես հաղորդում է strateq.az լրատվական կայքը, ադրբեջանցի մաքսավորները դրա համար ոչ մի պատճառ չեն նշում:
Քաղաքացիներից մեկի խոսքով՝ անցակետում ցավալի պատկեր է ստեղծվել: «Այստեղ Իրան անցնել ցանկացող հարյուրավոր տարեցներ, կանայք և երեխաներ կան: Ժամեր շարունակ նրանք կանգնած են ոտքի վրա և սպասում են, որ թույլ տան հատել սահմանը: Մարդիկ բողոքում, գոռում, ծեծում են պատուհանները, թափահարում երկաթյա ճաղերը, սակայն, մաքսավորները ոչ մի ուշադրություն չեն դարձնում: Հայտնի չէ, թե ինչու են մարդկանց տանջում: Միայն ասում են, որ ստուգումներ են ընթանում, և կարող են բողոքել՝ ում ցանկանում են», -կայքին հայտնել է նա:
Աղբյուրի խոսքով՝ շատ ծանր է տեսնել ադրբեջանցիների ցավալի վիճակը: Ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ օրական տասնյակ հազարավոր ադրբեջանցիներ են մեկնում Իրան՝ բուժում անցնելու և տարբեր ապրանքներ ու սննդամթերք գնելու համար: