ԻՊ-ի ականապատ մեքենաների պայթյուններից Իրաքում ավելի քան 80 զինվոր է մահացել
ՄիջազգայինԻրաքի Անբարի մարզի Ֆալլուջա քաղաքի մերձակայքում «Իսլամական պետության» ահաբեկիչներն ավելի քան 80 իրաքցի զինվորների են սպանել: Ինչպես հաղորդում են միջազգային լրատվամիջոցները, ինն ականապատ մեքենաները պայթել են իրաքյան բանակի հսկիչ-անցագրային կետրում, ինչի հետևանքով ավելի քան 80 զինվորներ են զոհվել, տասնյակ զինվորներ վիրավորվել են:
Ֆալլուջա քաղաքն ամենամեծերից է նահանգում, որտեղ մի քանի ամիս շարունակ թեժ մարտեր են ընթանում իրաքյան բանակի ու ԻՊ-ի ահաբեկիչների միջև:
Ավելի վաղ իրաքյան ուժերն Անբարի մարզի Ռամադի քաղաքում «Իսլամական պետությունից» երկու շրջաններ են ազատագրել: Իրաքյան ուժերը շիական «Ալ Հաշդ ալ Շաաբի» խմբավորման հետ միասին ազատագրել են Աթ Թաշ և Ալ Հումեյրա շրջանները, որոնք գտնվում են Ռամադի քաղաքի հարավում: Երկու շրջանները ռազմավարական կարևոր նշանակություն ունեն:
Իրաքը մայիսի 26-ին պաշտոնապես հայտարարել է, որ ռազմական գործողություններ է սկսում «Իսլամական պետությունից» Անբարի նահանգն ազատագրելու համար:
Ավելի վաղ` մայիսի 17-ին, «Իսլամական պետության» ահաբեկիչները գրավել են Իրաքի Ռամադի քաղաքը: Քաղաքն ահաբեկիչների ձեռքում հայտնվել է այն բանից հետո, երբ կառավարական ուժերը հեռացել են բնակելի տարածքներից: Բռնությունների զոհ է դարձել 503 մարդ, որոնց մեծամասնությունը կանայք ու երեխաներ են: Տեղեկություններ կան, որ քաղաքից վերջին օրերին հեռացել է մոտ ութ հազար մարդ: