Սաուդյան Արաբիայի ռմբակոծությունից Եմենում տասնյակ զոհեր են գրանցվել
ՄիջազգայինՍաուդյան Արաբիան մայիսի 27-ին ռմբակոծել է Եմենի մայրաքաղաք Սանայում անվտանգության ուժերի ռազմական ճամբարը:
Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, ռմբակոծության հետևանքով 40 զոհ և ավելի քան 100 վիրավոր են գրանցվել: Տեղեկություններ կան, որ ավելի քան 30 զոհեր են արձանագրվել Հաջջայի արևմտյան հատվածում սաուդական օդային հարվածների հետևանքով: Ռումբեր են գցվել նաև Հուդեյդա քաղաքի ռազմական նավահանգստի վրա, ինչի հետևանքով երկու ռազմական նավ են վնասվել:
Թեժ բախումներ են ընթանում Եմենի նախագահ Աբդ Ռաբբո Մանսուր ալ Հադիի և շիաների միջև Սանահ շրջանում, ինչպես նաև Ադեն քաղաքի Դար Սաադ շրջանում:
Եմենում իրավիճակը սրվել է 2015թ. հունվարից, երբ շիա ապստամբները գրավել էին մայրաքաղաք Սանան: Ապստամբների ճնշման տակ նախագահ Աբդ Ռաբբո Մանսուր ալ Հադին և վարչապետ Խալեդ Բախախը հրաժարական էին տվել: Որոշ ժամանակ անց նախագահ Մանսուր Հադին ստիպված փախուստի էր դիմել Ադեն, իսկ կարճ ժամանակ անց շիաների` մարտի 25-ին Ադեն մտնելուց հետո, հեռացել էր երկրից:
Նախագահը դիմել է Սաուդյան Արաբիային` խնդրելով միջամտել ստեղծված իրավիճակին: Մարտի 26-ին Սաուդյան Արաբիան Բահրեյնի, Կատարի, Քուվեյթի, ԱՄԷ-ի օդային ուժերի օգնությամբ Եմենում սկսել է «Վճռականության փոթորիկ» գործողությունները, որի ավարտից հետո անցկացվում է ռազմական գործողությունների մ յուս՝ «Հույսի վերականգնում» փուլը: