Իրաքյան ուժերը Ռամադի քաղաքի երկու շրջաններ են ազատագրել ԻՊ-ից
ՄիջազգայինԻրաքյան ուժերն Անբարի մարզի Ռամադի քաղաքում մայիսի 27-ին «Իսլամական պետությունից» երկու շրջան են ազատագրել:
Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է նահանգային խորհրդի անդամ Ռաջա ալ Իսաուին: Նրա խոսքով՝ իրաքյան ուժերը շիաական «Ալ Հաշդ ալ Շաաբի» խմբավորման հետ ազատագրել են աթ Թաշ և ալ Հումեյրա շրջանները, որոնք գտնվում են Ռամադի քաղաքի հարավում:
Երկու շրջանները ռազմավարական կարևոր նշանակություն ունեն:
Իրաքյան ուժերը մայիսի 27-ին սկսել են ռմբակոծել Թիքրիթ քաղաքի հարավում գտնվող մի քանի շրջաններ, որոնց հետևանքով տասնյակ ահաբեկիչներ են սպանվել:
Իրաքը մայիսի 26-ին պաշտոնապես հայտարարել է, որ ռազմական գործողություններ է սկսում «Իսլամական պետությունից» Անբարի նահանգի ազատագրման համար:
Ավելի վաղ` մայիսի 17-ին, «Իսլամական պետության» ահաբեկիչները գրավել են Իրաքի Ռամադի քաղաքը: Քաղաքն ահաբեկիչների ձեռքում հայտնվել է այն բանից հետո, երբ կառավարական ուժերը հեռացել են բնակելի տարածքներից: Բռնությունների զոհ են դարձել 503 մարդ, որոնց մեծամասնությունը կանայք ու երեխաներ են: Տեղեկություններ կան, որ քաղաքից վերջին օրերին հեռացել են մոտ ութ հազար մարդ:
«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը համարվում է ամենավտանգավոր ու ամենամեծ, միևնույն ժամանակ ամենահարուստ կազմակերպությունն աշխարհում, որի կազմում ընդգրկած են ավելի քան 80 երկրի ահաբեկիչներ: ԻՊ-ն ռազմական լայնածավալ գործողություններն սկսել է նախորդ տարվա ամռանը, արդյունքում երկրի մեկ երրորդը հայտնվել է նրա ձեռքում: