Ղազախստանում տեղի են ունենալու ԱՊՀ-ի վարչապետների եւ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերը
ՄիջազգայինՂազախստանում տեղի են ունենալու ԱՊՀ-ի երկրների կառավարությունների ղեկավարների եւ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերը: Այդ միջոցառումները կանցկացվեն Բուրաբայ ավանում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում քննարկվելու են Համագործակցության գործունեության լայն շրջանակի հարցեր, այդ թվում՝ ֆինանսա-տնտեսական ոլորտում ԱՊՀ-ի երկրների համատեղ գործողությունների պլանի, մասնակից պետությունների տարածքներում միջազգային փոխադրումներ իրականացնելիս տրանսպորտային անվտանգության ապահովման ռազմավարության, մինչեւ 2020 թվականն ընկած ժամանակաշրջանում միջտարածաշրջանային եւ սահմանամերձ համագործակցության հայեցակարգի նախագծերի ընդունումը:
Եվրասիական միջկառավարական խորհրդի օրակարգում ընդգրկված է շուրջ քսան հարց, ներառյալ փոխադարձ առեւտրի վիճակը եւ Եվրասիական տնտեսական միության պետությունների ապրանքաշրջանառության ավելացումը, ԵԱՏՄ-ի տնտեսական զարգացման հիմնական ուղղությունները, մակրոտնտեսական եւ արժութաֆինանսական ոլորտներում համագործակցության խորացումը, արտահանման աջակցման միջոցառումները, ԵԱՏՄ-ում մաքսային կարգավորման կատարելագործման հարցերը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել էին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը մայիսի 29-ին Բուրաբայում կմասնակցի ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի և Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերին: