Ադրբեջանցին անտառում սպանել է մոսկվացի ոստիկանին
ՄիջազգայինՌուսաստանի Դաշնության Մոսկվայի արտագերատեսչական ոստիկանության պահպանության ծառայության կրտսեր սերժանտ Անդրեյ Բաննովի սպանության կասկածանքով որոնում է հայտարարվել Ադրբեջանի քաղաքացու նկատմամբ: Մոսկվացի ոստիկանը սպանվել է մայրաքաղաքի օղակաձեւ մայրուղուն հարող անտառում՝ հանցագործներին ձերբակալելու փորձի ժամանակ:
Ինչպես հաղորդում է ռուսաստանյան ՆՏՎ հեռուստաալիքը, իրավապահներին հաջողվել է կասկածյալի ինքնությունը պարզել բջջային հեռախոսի շնորհիվ: Այն գտնվել է ավտոմեքենայում, որով հանցագործները փորձել էին թաքնվել հանցագործության վայրից:
Ողբերգությունից անմիջապես հետո Մոսկվայում «Պերեխվատ» ծրագիր է իրականացվել: Երբ ոստիկանները սկսել են ստուգել այն «ԳԱԶել» ավտոմեքենայի տվյալները, որով հանցագործները տեղաշարժվել են, պարզվել է, որ նրա տիրոջ անունով եւս 5 ավտոմեքենա կա գրանցված: «ԳԱԶելի» պետհամարանիշն ավելի վաղ հայտնվել էր տեսախցիկում, որը գրանցել էր խանութի թալանը:
Անդրեյ Բաննովը զոհվել է լույս մայիսի 27-ի գիշերը` Մոսկվայի օղակաձեւ մայրուղու 25-րդ կիլոմետրի վրա: Ոստիկանն իր գործընկերների հետ նկատել է կասկածելի ավտոմեքենա, որի պետհամարանիշը որոնվում էր: Վարորդը արհամարհել է կանգնելու պահանջը, ոստիկանները շրջափակել են ճանապարհը: Ավտոմեքենայում գտնվող տղամարդիկ փորձել են թաքնվել անտառում: Բաննովը հասել է նրանց: Հանցագործներից մեկը հանել է դանակը եւ երեք անգամ հարվածել սերժանտին: