«Գազպրոմ»-ի ղեկավարը չի հավատում ադրբեջանական TAP գազային խողովակաշարի իրականացմանը
Միջազգային«Գազպրոմ»-ը վստահ է, որ Եվրոպայի կախվածությունը գազից գնալով մեծանալու է, եւ այդ պահանջը ապահովելու գործում 10 հազար կմ շառավղով տարածաշրջանում մրցակից չունի:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»-ը, հայտարարել է «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերը` Միջազգային գործարար համաժողովի տարեկան հավաքում:
«2015 թվականին «Գազպրոմ»-ը, 2014 թվականի համեմատ, կմեծացնի հեռավոր արտասահման գազի արտահանումը: Մայիսին մատակարարումները կմեծանան ավելի քան 5 տոկոսով», -ասել է նա:
Նրա խոսքով` 2014 թվականի արդյունքներով, Եվրամիության կողմից գազի ներկրումների մեջ «Գազպրոմ»-ի մասնաբաժինը կազմել է երկու երրրոդը, իսկ սպառման մեջ` 30 տոկոսը:
Անդրադառնալով Ադրբեջանից Եվրոպա գազի փոխադրման Անդրադրիատիկ (TAP) նախագծի իրականացման հնարավորությանը՝ «Գազպրոմ»-ի ղեկավարը նշել է, որ 4 տարի առաջ նախագծի մասնակիցները ծրագրել էին մատակարարումները սկսել 2017 թվականին:
«Այժմ խոսում են 2021 թվականի մասին, եւ 4 տարվա ընթացքում ամեն տարի եւս մեկ տարով այդ նախագիծը հետաձգվում է: Փորձագետներն էլ են ասում, որ տարի ավելացնելու միտումը դեռեւս կշարունակվի», -ընդգծել է Միլլերը:
Նավթի համաշխարահային գների անկման հետ կապված՝ տնտեսական ճգնաժամի մեջ գտնվող Ադրբեջանի հույսը «Շահդենիզ-2» գազային հանքահորից արդյունահանվելիք գազի համար Անդրադրիատիկ եւ Անդրանատոլիական (TANAP) գազատարների իրականացումն է, որոնցով նախատեսվում է ադրբեջանական գազը Թուրքիայի վրայով հասցնել Եվրոպայի հարավային սահման: Ադրբեջանն այդ նախագծերը «Բաքու-Թբիլիսի-Էրզրում» գազատարի հետ անվանում է «Հարավային հոսք»:
Ռուսաստանը 2014 թվականի դեկտեմբերի 1-ին Թուրքիայի հետ պայմանագիր է կնքել իր գազը «Թուրքական հոսք» նախագծով Սեւ ծովի հատակով Թուրքիա, այնտեղից էլ Եվրոպա հասցնելու համար, որը համարվում է TANAP-ի մրցակից նախագիծ: TAP-ի իրականացման հարցը դեռեւս ձգձգվում է` բավարար քանակով ներդրումներ չկատարվելու պատճառով: