Ավելի քան 60 օր շարունակվող ռմբակոծություններից եմենցիների վիճակը գնալով վատթարանում է
ՄիջազգայինԱրաբական դաշինքի օդանավերը Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ վերսկսել են Եմենի Հաջջա, Սաադա նահանգների ռմբակոծությունները:
Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, միևնույն ժամանակ շարունակվում են բախումները հոուսիների և նախագահ Աբդ Ռաբբո Մանսուր ալ Հադիի կողմնակիցների միջև Ադեն և Թաիզ քաղաքներում: Ավելի քան 60 օր շարունակվող ռմբակոծությունների հետևանքով եմենցիների վիճակն օրեցօր ավելի է վատթարանում, բնակչության կեսից ավելին սննդի կարիք ունի: Մարդասիրական կազմակերպությունները կոչ են անում նոր զինադադար հայտարարել, որպեսզի հնարավոր լինի մարդկանց օգնություն տրամադրել:
Ավելի վաղ Եմենի առողջապահության նախարարությունը հաստատել է, որ մայրաքաղաք Սանայում հոուսիների վերահսկողության տակ գտնվող ռազմական ճամբարի ռմբակոծության հետևանքով 40 մարդ զոհվել, ևսը 100-ը վիրավորվել են:
Եմենում իրավիճակը առավել սրվել է 2015թ. հունվարից, երբ շիա ապստամբները գրավել էին մայրաքաղաք Սանան: Ապստամբների ճնշման տակ նախագահ Աբդ Ռաբբո Մանսուր ալ Հադին և վարչապետ Խալեդ Բախախը հրաժարական էին տվել: Որոշ ժամանակ անց նախագահ Մանսուր Հադին ստիպված փախուստի էր դիմել Ադեն, իսկ կարճ ժամանակ անց շիաների` մարտի 25-ին Ադեն մտնելուց հետո, հեռացել երկրից:
Նախագահը դիմել է Սաուդյան Արաբիային` խնդրելով միջամտել ստեղծված իրավիճակին: Մարտի 26-ին Սաուդյան Արաբիան Բահրեյնի, Կատարի, Քուվեյթի, ԱՄԷ-ի օդային ուժերի օգնությամբ Եմենում սկսել է «Վճռականության փոթորիկ» գործողությունները, որոնց ավարտից հետո իրականացնում է ռազմական գործողությունների հաջորդ՝ «Հույսի վերականգնում» փուլը: