Ենթադրյալ ռազմական հանցագործները ԱՄՆ իշխանություններից 20 մլն դոլար են ստացել
ՄիջազգայինԵրկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նացիստերի հետ համագործակցելու եւ ռազմական հանցագործություններ գործելու մեջ կասկածվող ավելի քան 130 մարդ ԱՄՆ իշխանություններից 20.2 մլն դոլար են ստացել որպես սոցիալական վճար: Այս մասին գրում է Associated Press-ը՝ վկայակոչելով ԱՄՆ սոցիալական ապահովության վարչության զեկույցը:
Զեկույցը կազմվել է Associated Press-ի անցկացրած հետաքննությունից 7 ամիս անց: 2014թ. հոկտեմբերի 20-ին գործակալությունը տեղեկություններ էր հրապարակել, որոնց համաձայն՝ ԱՄՆ իշխանությունները սոցիալական վճարների դիմաց երկրից աքսորել են նացիստական հանցագործներին: Այն ժամանակ վարչությունը հրաժարվել էր ներկայացնել գումարի հստակ չափը:
Վճարների մեկ քառորդը՝ 5.7 մլն դոլար, վճարվել էր այն անձանց, որոնց մասնակցությունը նացիստական հանցագործություններին ապացուցված է եղել, եւ որից հետո նրանց վտարել են ԱՄՆ-ից: 14 մլն դոլար էլ վճարվել է այն մարդկանց, որոնք օգնել են նացիստներին Հոլոքոստի ժամանակ, գրում է Lenta.ru-ն:
Ինչպես հայտնել էր գործակալությունը, 1979թ.-ից ի վեր՝ առնվազն 38 ենթադրյալ ռազմական հանցագործ սոցիալական վճարների տեսքով միլիոնավոր դոլարներ են ստացել: Նրանցից 4-ը մինչ օրս ԱՄՆ արդարադատության նախարարության միջոցներով ապրում են Եվրոպայում: