Արաբական դաշինքը ռմբակոծել է Եմենի մայրաքաղաքում գտնվող զինապահեստները
ՄիջազգայինՍաուդյան Արաբիայի գլխավորած արաբական դաշինքի օդանավերի ռմբակոծության հետևանքով Եմենի մայրաքաղաք Սանայում ութ մարդ զոհվել, ավելի քան քսանը վիրավորվել է: Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, ռմբակոծվել են Ջաբալ Նակիմում գտնվող զինապահեստները: Բացի այդ, օդանավերը ռմբակոծել են Ջաբալ Նահիդին շրջանում գտնվող ռազմական ճամբարը, որը գտնվում է շիա ապստմաբների` հոուսիների վերահսկողության տակ, ինչպես նաև Սաադա նահանգը, որը գտնվում է եմենա-սաուդական սահմանի մերձակայքում, և Ադեն քաղաքը:
Ավելի քան երկու ամիս շարունակվող ռմբակոծությունների նպատակն է վերականգնել Եմենի Նախագահ Աբդ Ռաբբո Մանսուր ալ Հադիի իշխանությունը, ով այժմ գտնվում է Սաուդյան Արաբիայում: Եմենում իրավիճակը առավել սրվել էր 2015թ.-ի հունվարից, երբ շիա ապստամբները գրավել էին մայրաքաղաք Սանան: Ապստամբների ճնշման տակ Նախագահ Աբդ Ռաբբո Մանսուր ալ Հադին և վարչապետ Խալեդ Բախախը հրաժարական էին տվել: Որոշ ժամանակ անց Նախագահ Մանսուր Հադին ստիպված փախուստի էր դիմել Ադեն, իսկ կարճ ժամանակ անց շիաների` մարտի 25-ին Ադեն մտնելուց հետո, հեռացել էր երկրից:
Նախագահը դիմել է Սաուդյան Արաբիային` խնդրելով միջամտել ստեղծված իրավիճակին: Մարտի 26-ին Սաուդյան Արաբիան Բահրեյնի, Քաթարի, Քուվեյթի, ԱՄԷ-ի օդային ուժերի օգնությամբ Եմենում սկսել է «Վճռականության փոթորիկ» գործողությունները, որի ավարտից հետո ռազմական գործողությունների մյուս փուլը կոչվել է «Հույսի վերականգնում»: