ԻՊ-ն Հալեպի նահանգում նոր տարածքներ է գրավել
ՄիջազգայինԻնչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, ծայրահեղական ահաբեկչական կազմակերպությունը հաջողությունների է հաստատել Սիրիայի ընդդիմադիր խմբավորումների հետ պայքարի արդյունքում` վերահսկողություն հաստատելով Թուրքիայի մերձակայքում գտնվող տարածքների վրա և միևնույն ժամանակ սպառնալով Հալեպ քաղաքում տարածված զինված խմբավորումներին: Ահաբեկիչները գրավել են Սուրան գյուղաքաղաքը և մերձակայքում գտնվող ևս երկու գյուղ:
Մարդու իրավունքների պաշտպանության սիրիական մոնիթորինգի կենտրոնը տեղեկություն է տարածել, որ ահաբեկչական կազմակերպությունը հնարավորություն է ստացել առաջ շարժվել դեպի Բաբ աս Սալամա անցակետ, որը գտնվում Հալեպի նահանգի և թուրքական Քալաս շրջանի միջև:
Զինված խմբավորումները մայիսի 31-ին ռմբակոծել են Հալեպի բնակելի թաղամասերը, որի հետևանքով 12 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են: Ռումբերն ուղղվել են Ալ Ազամիա և ալ Ջամիլիա թաղամասերի ուղղությամբ: Տուժածների թվում կանայք ու երեխաներ կան:
Ավելի վաղ` մայիսի 21-ին, «Իսլամական պետությունը» վերահսկողություն էր հաստատել Հոմսի նահանգում գտնվող հնագույն Թադմուր (Պալմիրա) քաղաքի վրա: Թադմուրի բաց երկնքի տակ թանգարան համարվող ավերակները, որոնք ձգվում են շուրջ երեք կիլոմետր, ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: Այն գտնվում է Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսից 204 կմ հեռավորության վրա: