Իրաքի վարչապետն անբավարար է համարում միջազգային դաշինքի աջակցությունն ԻՊ-ի դեմ պայքարում
ՄիջազգայինԻրաքի վարչապետ Հեյդար ալ Աբադին դժգոհություն է հայտնել ԻՊ-ի դեմ միջազգային դաշինքի պայքարից: Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, Փարիզում ընթացող համաժողովի շրջանակներում վարչապետը լրագրողների հետ հարցազրույցում նշել է, որ դաշինքը բավարար չափով չի օգնում իրաքյան ուժերին` դադարեցնելու ծայրահեղական կազմակերպության առաջընթացը: Նա դժգոհություն է հայտնել թե՚ օդային, թե՚ ցամաքային գործողություններում միջազգային դաշինքի աջակցությունից:
Հունիսի 2-ին Փարիզում մեկնարկել է միջազգային դաշինքի անդամ-երկրների մասնակցությամբ համաժողով, որի ընթացքում կքննարկվեն հակաահաբեկչական, Իրաքի կառավարությանը ֆինանսական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ հարցեր:
Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ Իրաքում չդադարող բռնությունների հետևանքով մայիսի ընթացքում ավելի քան հազար մարդ է զոհվել: Այս մասին հայտարարել է Իրաքում ՄԱԿ-ի աջակցության առաքելությունը: «Ընդհանուր առմամբ ահաբեկչական գործողոթյուններիի, բռնությունների և զինված բախումների հետևանքով 2015թ. մայիսին զոհվել է 1031 իրաքցի, ևս 1684-ը վիրավորվել է»,- նշվել է հայտարարության մեջ:
«Իսլամական պետություն» իսլամիստական ահաբեկչական կազմակերպությունը գործում է Սիրիայի և Իրաքի տարածքներում: 2013թ. ապրիլին «Ալ Կաիդա»-ի երկու ճյուղերի միավորման արդյունքում ձևավորվել է խմբավորում՝ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» անվանումով, որի նպատակն էր կազմավորել իսլամական էմիրություն Լիբանանի, Սիրիայի և Իրաքի տարածքում: 2014թ. հունիսի 29-ին ԻԼԻՊ-ը Սիրիայի և Իրաքի գրաված տարածքներում հայտարարել է Իսլամական խալիֆաթ հիմնելու մասին, որի խալիֆ է նշանակվել Աբու Բաքր ալ Բաղդադին: Այնուհետև կազմակերպության անվանումը փոխելու որոշում է ընդունվել, և այն վերանվանվել է «Իսլամական պետություն»: Խմբավորման կազմում կռվում են 80 երկրի զինյալներ: