ՌԴ ֆիննախն ակնկալում է տնտեսության աստիճանական աճ 3-րդ եռամսյակից
ՄիջազգայինՌուսաստանի ֆինանսների նախարարությունն ակնկալում է, որ արդեն 2015 թվականի երրորդ եռամսյակից ՌԴ-ում կսկսի տնտեսության աստիճանական վերականգնումը: Այդ մասին «Ռոսիա-1» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը:
«Ռուսաստանի նկատմամբ վստահությունը վերադառնում է, և ես վստահ եմ, որ այն քայլերը, որոնք ընդունվել են բյուջեով, կտան իրենց արդյունքը: Մենք այժմ՝ երկրորդ եռամսյակում, տեսնում ենք տնտեսության բավականին մեծ նվազում, սակայն գտնում ենք, որ 2-3-րդ եռամսյակում դա կլինի բարձրակետ կամ նվազագույն նիշ, որից հետո կսկսվի տնտեսական աճի աստիճանական վերականգնում: Տնտեսության աճի բոլոր հիմնական գործոններն առկա են»,- ընդգծել է Սիլուանովը:
Նա նաև նշել է, որ ՌԴ-ում կդանդաղի գնաճը, իսկ ֆինանսների կայունացմանն, ինչպես օրենք, հետևում է տնտեսության կայունացումը:
Ավելի վաղ ՌԴ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ալեքսեյ Վեդևը տեղեկացրել էր, որ ՌԴ-ում երրորդ եռամսյակում սպասվում է ՀՆԱ-ի 0,3-0,5 տոկոս աճ: Նա նաև ընդգծել էր, որ երկրորդ եռամսյակը ռուսական տնտեսության համար կլինի ամենավատը: