ՄԱԿ-ի փորձագետը Բաքվին կոչ է արել բանտից ազատել իրավապաշտպաններին
ՄիջազգայինԻրավապաշտպանների հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Միշել Ֆորստը քննադատել է Ադրբեջանում հայտնի իրավապաշտպանների նկատմամբ կիրառվող բռնություններն ու հետապնդումները` կոչ անելով Եվրոպական խաղերին ընդառաջ անհապաղ ազատ արձակել նրանց:
Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Contact.az-ը:
«Իշխանություններն ակտիվացրել են հետապնդումներն ու քննադատություններն իրավապաշտպանների նկատմամբ, արգելել են նրանց երկրից դուրս գալ և սառեցրել են բանկային հաշիվները: Այս բոլոր գործողությունները հիմնավորվում են կեղծ կամ քաղաքական շարժառիթ ունեցող մեղադրանքներով, որոնք առնչվում են պետական դավաճանությանը, անօրինական ձեռներեցությանը, հարկերից խուսափելուն կամ պաշտոնական դիրքի չարաշահմանը»,- նշել է Ֆորստը` հավելելով, որ ադրբեջանցի շատ իրավապաշտպաններ ստիպված են եղել դատարանի որոշումից առաջ կալանքի տակ մնալ երկար ժամանակ: ՄԱԿ-ի փորձագետը հիշատակել է Ինթիգամ Ալիևի, Խադիջա Իսմայիլովայի, Անար Մամեդլիի, Լեյլա և Արիֆ Յունուսների, Ռասուլ Ջաֆարովի և այլոց գործերը` նշելով, որ նրանք բոլորը «մեղավոր են», որ բացահայտել են կոռուպցիոն դեպքերն ու մարդու իրավունքների ոտնահարումները:
Նա ադրբեջանական իշխանություններին կոչ է արել Եվրոպական խաղերից առաջ ազատ արձակել իրավապաշտպաններին` մարզական այդ իրադարձությանը մասնակցել պատրաստվող մարզիկներին և երկրներին հորդորելով միանալ իր կոչին: