Հումանիտար իրավիճակը Եմենում աղետալի է. The Guardian
ՄիջազգայինԵմենի շրջափակումը Սաուդյան Արաբիայի կողմից հանգեցրել է ծանր հումանիտար իրավիճակի երկրում, այս մասին գրում է The Guardian բրիտանական պարբերականը:
Եմենում «Օքսֆամ» հումանիտար կազմակերպության ներկայացուցիչն ասել է, որ ավելի ու ավելի քիչ առաջին անհրաժեշտության պարագաներ են մնում: Մարդիկ օրերով հերթ են կանգնում:
Ինչպես հաղորդվում է` վերջին տվյալների համաձայն` երկրի բնակչության շուրջ 80 տոկոսը սննդի, խմելու ջրի և բուժօգնության կարիք ունի։ Նրանք մահանում են սովորական հիվանդություններից, քանի որ երկրում փակ են հիվանդանոցները:
«Սննդի, ջրի և դեղամիջոցների ծայրահեղ պակասը կասկածի տակ է դնում ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի աջակցությունը արաբական կոալիցիային Եմենում քաղաքացիական պատերազմին միջամտելու հարցում»,- գրում է The Guardian-ը:
Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ գործող Արաբական կոալիցիայի երկրների ռազմաօդային ուժերը մարտի 26-ին ռազմական գործողություններ են սկսել ապստամբ հուսիթների դեմ, որոնք գրավել են Եմենի մայրաքաղաք Սանան:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դուժարիկը հայտնել է, որ մոտ մեկ միլիոն մարդ Եմենում լքել է իր բնակավայրերը, երբ մարտի կեսերին երկրում բռնկվել է զինված հակամարտությունը: