ԵԽԽՎ նախագահը հորդորել է Թուրքիայի իշխանություններին պարզել Դիարբեքիրի պայթյունի մեղավորներին
ՄիջազգայինԵվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Անն Բրասյորն իր մտահոգությունն է հայտնել Դիարբեքիրում քրդական ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հանրահավաքի ժամանակ որոտացած պայթյունի առնչությամբ: Այս մասին Բրասյորը գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:
«Մտքերով զոհերի և նրանց ընտանիքների հետ եմ: Իշխանությունները պետք է ուսումնասիրեն այս դեպքը և ձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցները»,- գրել է ԵԽԽՎ նախագահը: Նա համոզմունք է հայտնել, որ միայն խաղաղ նախընտրական պայքարը կարող է ապահովել ազատ և արդար ընտրություններ:
Թուրքիայի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Դիարբեքիրում Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կողմից կազմակերպված մեծ հանրահավաքի ժամանակ 5 րոպե ընդմիջումով երկու պայթյուն է որոտացել, որոնց հետևանքով զոհվել է 3, վիրավորվել շուրջ 300 մարդ: Կատարվածի պատճառները հայտնաբերելու համար տարվում է հետաքննություն: Շատերը տեղի ունեցածը որակել են որպես սադրանք: