G7-ը կքննարկի Ռուսաստանի ներգրավման շրջանակը
ՄիջազգայինԹեպետ ուկրաինական ճգնաժամի պատճառով Ռուսաստանի Դաշնությանը դուրս մնաց Մեծ ութնյակից, սակայն վերափոխված G7-ի անդամներն առաջիկա գագաթնաժողովի ժամանակ կքննարկեն, թե համաշխարհային որ հարցերի լուծմանը ՌԴ-ն կներգրավվի: Այս մասին Deutschce Welle –ին տված հարցազրույցում ասել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Կանցլերը հայտարարել է, որ թեպետ ՌԴ-ն ներգրավվ ած չէ Մեծ յոթնյակի քննարկումներիn, սակայն շարունակում է մնալ կարեւորագույն գործընկեր այլ քաղաքական եւ դիվանագիտական ձեւաչափերում: Մերկելը հիշեցրել է, որ Սիրիայում քիմիական զենքի խնդիրը կարգավորվեց ՌԴ-ի օգնությամբ: Նա նաեւ հիշեցրել է, որ գոյություն ունի ուկրաինական ճգնաժամի կարգավորման նորմանդական ձեւաչափը, Իրանի միջուկային զենքի շուրջ «5+1» ձեւաչափը, նաեւ Սիրիայի հակամարտության կարգավորման հարցը: «Այս բոլոր ձեւաչափերում Ռուսաստանը ներգրավված է, իսկ նորմանդական ձեւաչափին` բարձրագույն մակարդակով»,- ընդգծել է կանց լերը:
Մերկելը հայտարարել է, որ G8 ձեւաչափով գագաթնաժողով՝ ՌԴ-ի մասնակցությամբ, չի լինի այնքան ժամանակ, քանի դեռ Մոսկվան չի կարգավորել իր հարցերն ու չի պահպանել ժողովրդավարության եւ օրենքի գերակայության սկզբունքները:
Գագաթնաժողովը կկայանա հունիսի 7-8-ին Բավարիայում: