Քեմերոնը վերջնագիր է ներկայացրել կառավարությանը
ՄիջազգայինՄեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը հայտարարել է, որ Եվրամիությունից երկրի դուրս գալու գաղափարը պաշտպանող նախարարները հարկադրված կլինեն վայր դնել լիազորությունները, տեղեկացնում է The Telegraph բրիտանական թերթը:
Մեծ Բրիտանիայի կառավարությունը մայիսի վերջին խորհրդարան օրինագիծ է ներկայացրել ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու շուրջ հանրաքվե անցկացնելու մասին, որի երկրորդ ընթերցումը նշանակված է հունիսի 9-ին: Քեմերոնն այն կարծիքին է, որ երկրի շահերից է բխում ԵՄ-ի կազմում մնալը, բայց միավորման բարեփոխման պայմանով:
«Ես շատ հստակ եմ արտահայտվել: Եթե դուք ցանկանում եք լինել կառավարության անդամ, պետք է համաձայնեք, որ մեզ հարկավոր է նոր բանակցություններ անցկացնել ԵՄ-ի հետ, կազմակերպել հանրաքվե, որը կբերի հաջող արդյունքի»,- թերթը մեջբերել է Մեծ Բրիտանիայի վարչապետի խոսքը, որը այս հայտարարությամբ հանդես է եկել G7-ի Գերմանիայում ընթացող գագաթնաժողովում:
Ինչպես նշել է հրատարակությունը, կառավարության աղբյուրները հաստատել են այն նախարարներին պաշտոնաթող անելու Քեմերոնի մտադրությունը, ովքեր հանդես կգան Եվրամիությունից երկրի դուրս գալու օգտին: Ըստ թերթի տեղեկատվության՝ այդ գաղափարի կողմնակիցներ են առնվազն հինգ նախարարներ: Մասնավորապես, ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, բրիտանացի եվրոթերահավատները թվում են աշխատանքի, արտաքին գործերի եւ արդարադատության նախարարները: