Դեմիրթաշը կրկին բացառել է Դավութօղլուի կուսակցության հետ կոալիցիայի հնարավորությունը
ՄիջազգայինԹուրքիայի խորհրդարանական ընտրություններում նախընտրական շեմը հաղթահարած քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ղեկավար Սելահաթթին Դեմիրթաշը Ստամբուլից Անկարա մեկնելու ճանապարհին օդանավակայանում պատասխանել է լրագրողների հարցերին` հերթական անգամ բացառելով վարչապետ Ահմեդ Դավութօղլուի կուսակցության հետ կոալիցիա կազմելու հնարավորությունը: Այս մասին տեղեկացն ում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:
«Մենք գիտենք, թե ինչ պատասխանատվություն և բեռ կա մեր ուսերին: Ոչ մի դեպքում թույլ չենք տա, որ Թուրքիայում տիրի քաոս, լարվածություն, անվստահության մթնոլորտ և անկայունություն: Մեր հստակ դիրքորոշումը հետևյալն է. մենք ԱԶԿ-ական կոալիցիայի տարբերակում չենք լինելու: Իսկ թե ինչ ուրիշ տարբերակներ կարող են լինել, դեռ կքննարկենք»,- ասել է Դեմիրթաշը:
Թուրքիայի խորհրդարանական 25-րդ ընտրությունների արդյունքում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ստացել է ձայների 40,85 տոկոսը (258 պատգամավոր)` նախորդ ընտրությունների 49,83 տոկոսի փոխարեն: Իշխանության ղեկին լինելու 13 տարուց հետո առաջին անգամ ԱԶԿ-ն կորցրել է միակուսակցական կառավարություն կազմելու, ինչպես նաև իր ուժերով սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու հնարավորությունը: Այժմ անհրաժեշտ է, որ այն կոալիցիոն կառավարություն կազմի ընտրված կուսակցություններից որևէ մեկի հետ, սակայն ընտրված մյուս երեք կուսակցություններն արդեն հայտարարել են, որ ԱԶԿ-ի հետ կոալիցիա կազմելու մտադրություն չունեն:
Քվեատուփերի 99,98 տոկոսի արդյունքներով՝ Հանրապետական ժողովրդական կուսակցությունը ստացել է ձայների 24,96 տոկոսը (132 պատգամավոր), «Ազգայնական շարժում» կուսակցությունը` 16,28 տոկոսը (80 պատգամավոր) և քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը` 13,11 տոկոսը (80 պատգամավոր):