Յացենյուկը վերստին ԱՄՆ-ից զենք է խնդրել Ուկրաինայի համար
ՄիջազգայինԱյցով Վաշինգտոնում գտնվող Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը վերստին հայտարարել է իր երկրին «պաշտպանողական զենք» տրամադրելու անհրաժեշտության մասին, որը, ինչպես նա է պնդում, հարկադրված է պաշտպանվել «ռուսական ագրեսիայից»: Այդ մասին Ուկրաինայի վարչապետն ասել է CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
«Մենք խնդրում ենք մեզ տրամադրել պաշտպանողական զենք ռուսական բանակին դիմակայելու համար: Ուկրաինան միակ երկիրն է, որը մարտնչում է ռուսական կանոնավոր բանակի դեմ»,- նշել է նա:
Յացենյուկը հերթական անգամ կրկնել է իր թեզիսներն այն մասին, որ Ռուսաստանը սպառնալիք է ներկայացնում ոչ միայն Ուկրաինայի, այլեւ ողջ «ազատ աշխարհի» համար, ուստի ԱՄՆ-ը՝ որպես այդ աշխարհի առաջատարը պարտավոր է, իր խոսքով, ըստ ամենայնի աջակցել իր հանրապետությանը ռազմական ու տնտեսական առումներով:
«Մենք չենք ակնկալում, որ ամերիկացի զինվորները գան Ուկրաինա՝ պաշտպանելու մեզ, բայց մենք ակնկալում ենք ձեր բիզնես-ներկայությունն Ուկրաինայում՝ ներդրումների տեսքով: Ամերիկյան ներդրումներն Ուկրաինայում լրացուցիչ պաշտպանություն է, մեր տնտեսությունը խթանելու եւ մեր հաջողությունն ապահովելու միջոց»,- հայտարարել է Ուկրաինայի վարչապետը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: