Բայդենն սպառնացել է ուժեղացնել ԱՄՆ-ի եւ G7-ի երկրների ճնշումը Ռուսաստանի վրա
ՄիջազգայինԱՄՆ-ը եւ G7-ի երկրները պատրաստ են նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ: Այդ մասին ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը հայտարարել է Վաշինգտոնում Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի հետ կայացած հանդիպումից հետո, տեղեկացնում է հանդիպման արդյունքների վերաբերյալ Սպիտակ տան տարածած հաղորդագրությունը:
«Փոխնախագահը նշել Է, որ ԱՄՆ-ը եւ «յոթնյակի» գծով նրա դաշնակիցներն անհրաժեշտության դեպքում պատրաստ են հավելյալ լուրջ պատժամիջոցներ սահմանել ի պատասխան Ռուսաստանի գործողությունների»,- նշվում է փաստաթղթում, որում, սակայն չի ճշտվում, թե հատկապես ինչ միջոցների մասին է խոսքը:
Բայդենը պարզաբանել է, որ լրացուցիչ պատժամիջոցները կարեւոր են Ռուսաստանի վրա գործադրվող ճնշումը շարունակելու համար: Վերջնական նպատակը Մինսկի պայմանավորվածությունների ամբողջական կատարումն է, ինչպես նաեւ «Ուկրաինայի տարածքից ռուս բոլոր զինվորների ու զենքի դուրսբերումը»:
Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, ԱՄՆ-ի փոխնախագահը Ուկրաինայի վարչապետի հետ քննարկել է «բարեփոխումների ծրագիրը», որում թվարկվում են այն միջոցառումները, որոնք «նպաստելու են կայունությանն ու աճին, ինչպես նաեւ ներդրումների ներգրավմանը»: