ԱՄՀ-ն դադարեցրել է Հունաստանի հետ բանակցությունները
ՄիջազգայինԱրժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) բանակցողների թիմը լուրջ տարաձայնությունների պատճառով դադարեցրել է Հունաստանի հետ բանակցություններն ու հեռացել Բրյուսելից: Այս մասին AP գործակալությանը հաղորդել է ԱՄՀ-ի ներկայացուցիչը:
«Մենք բավական հեռու ենք համաձայնության հասնելուց: Կողմերը զգալի տարաձայնություններ ունեն, հիմնականում՝ առանցքային ոլորտների շուրջ: Վերջին շրջանում այդ տարաձայնությունների նվազման միտում չի եղել»,- հայտարարել է ԱՄՀ ներկայացուցիչ Ջերրի Ռայսը:
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հունական պատվիրակությունը նույնպես լքել է բանակցությունները: «Եթե գործընթացն ընթանար՝ ինչպես հարկն է, Եվրահանձնաժողովի նախագահ Յունկերն այսօր ստիպված չէր լինի հանդիպել Ցիպրասի հետ: Յունկերը գործարքի իրականացման վերջին փորձը ձեռնարկեց»,- Reuters-ին ասել է ԵՄ դիվանագետը:
Հունաստանը ԵՄ-ի եւ ԱՄՀ-ի հետ բանակցություններ է վարում ավելի քան 240 մլրդ եվրոյի պարտքի կարգավորման շուրջ, որը գոյացել է՝ 2010 եւ 2012 թվականներին հունական բյուջեն դեֆոլտից փրկելուց հետո: Սակայն դեռեւս չի հաջողվում համաձայնություն ձեռք բերել, այդ պատճառով փորձագետները չեն բացառում, որ Հունաստանին հերթական դեֆոլտն է սպառնում: