Հարավային Կորեայում շարունակում է աճել կորոնավիրուսի զոհերի թիվը
ՄիջազգայինՀարավային Կորեայում մերձավորարեւելյան շնչառական համախտանիշի կորոնավիրուսից (MERS) մահացածների թիվը հասել է 20-ի: Այդ մասին հաղորդել է Ռյոնհապ գործակալությունը՝ հղում անելով հանրապետության առողջապահության նախարարությանը:
Ավելի վաղ հաղորդվել էր 19 մահացածների եւ 162 վարակվածների մասին: Կարանտինային ռեժիմ է հանձնարարված 6,5 հազար մարդու:
Հիվանդացածների շուրջ կեսը վարակվել է Սեուլի Samsung (Seoul Samsung Medical Center) բժշկական կենտրոնում, որտեղ բացահայտվել են հիվանդանալու առաջին դեպքերը: Հիվանդության տարածման հիմնական պատճառ են համարվում առաջին հիվանդացածներից մյուսներին վիրուսի փոխանցումը կանխելու անբավարար արդյունավետ միջոցառումները:
Երկրի կառավարությունը հրապարակել է 84 հիվանդանոցներից բաղկացած ցուցակը, որտեղ բուժում են անցել վիրուսով վարակվածները, քանի որ առողջապահության նախարարությունը համարում է, որ վարակման բոլոր դեպքերը տեղի են ունեցել բուժհաստատություններում՝ կապված այն բանի հետ, որ ժամանակին միջոցներ չեն ձեռնարկվել առաջին հիվանդացածներին մեկուսացնելու համար: Սակայն օրերս հաղորդումներ են ստացվել բուժհաստատության պատերից դուրս վարակման առաջին դեպքի մասին, ինչն ինֆեկցիայի հետագա տարածման վտանգ է ստեղծում,
Կորոնավիրուսով հիվանդանալու առաջին դեպքը Հարավային Կորեայի տարածքում գրանցվել է մայիսի 20-ին: Պարզվել է, որ վիրուսը, որը տարածվում է օդակաթիլային ճանապարհով, բերվել է ԿՀ-ի քաղաքացու կողմից, որը վերադարձել էր Մերձավոր Արեւելքի երկրներ կատարած ուղեւորությունից:
Կորոնավիրուսն առաջին անգամ մարդու մոտ բացահայտվել է 2012 թվականին Սաուդյան Արաբիայում: Դրանով վարակվելու դեպքեր են գրանցվել Հորդանանում, Քատարում, Արաբական Միացյալ Էմիություններում, Թունիսում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Իտալիայում, Ֆրանսիայում, ընդամենը 23 երկրներում, որտեղ պաշտոնապես հաստատվել է մարդկանց վարակվելու ավելի քան 1100 դեպք, որոնց 40 տոկոսը մահացու ելք է ունեցել: Հիվանդությունն սկսվում է որպես սովորական շնչառական ինֆեկցիա, որն ուղեկցվում է տենդով, հազով ու թոքաբորբով, բայց արագորեն ծանր ընթացք է ստանում՝ խոցելով թոքերը , հաղորդել է ՌԻԱ Նովոստին: