Թբիլիսիում զոհված փրկարարի ընտանիքը կստանա 45 հազար դոլար. Ղարիբաշվիլի
ՄիջազգայինՎրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հունիսի 17-ին հայտարարել Է, որ Թբիլիսիում ջրհեղեղի ժամանակ մարդկանց փրկելիս զոհված փրկարարի ընտանիքը կստանա 45 հազար դոլար: «Այդ հերոսի ընտանիքին գումար կհատկացվի 100 հազար լարիի չափով, եւ նրա ընտանիքը ամսական գումար կստանա»,-ասել Է Ղարիբաշվիլին Ճգնաժամերի կառավարման խորհրդի նիստում:
Ավելի վաղ Վրաստանի իշխանությունները հայտարարել են, որ տարերքի հետեւանքով զոհվածների ընտանիքներից յուրաքանչյուրը կստանա 4,5 հազար դոլար, նյութական օգնություն կցուցաբերվի նաեւ մյուս տուժածներին:
Ղարիբաշվիլին շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր օգնել են հաղթահարել Թբիլիսիում ջրհեղեղի հետեւանքները:
«Ես խնդրում եմ նախագահին պետական հատուկ շքանշաններով պարգեւատրել բոլոր այն փրկարարներին, ոստիկաններին ու կամավորներին, ովքեր հերոսություն են դրսեւորել վերջին օրերին: Ես միջնորդությամբ նախագահին կդիմեմ այն բանից հետո, երբ կներկայացնեմ այդ մարդկանց ցուցակը»,- հայտարարել է Ղարիբաշվիլին:
Ուժգին տեղատարափը, որն ուղեկցվել է կարկուտով ու քամիով, Թբիլիսին պատուհասել է հունիսի լույս 14-ի գիշերը: Տարերքի մոլեգնելու հետեւանքով վնասվել են բնակելի շենքեր եւ ենթակառուցվածքը: Ըստ վերջին տվյալների՝ զոհվել է 19 մարդ, վեց բնակիչներ անհայտ կորած են համարվում: Մի քանի հարյուր փրկարարներ, ոստիկաններ, զինվորականներ ու կամավորներ երրորդ օրն է՝ աշխատում են աղետի հետեւանքների վերացման համար:
Վրաստանի ֆինանսների նախարար Նոդար Խադուրին հայտնել Է, որ Թբիլիսիում ջրհեղեղից տուժածների համար ավելի քան 4,2 մլն լարի (1,8 մլն դոլար) նվիրատվություններ են ստացվել պետական գանձարանի եւ առեւտրային բանկերի հաշիվներին:
«Ներկա պահին պետական գանձարանի եւ առեւտրային բանկերի հաշիվներում ստացվել Է ավելի քան 4,2 մլն լարի: Սրանք միայն նվիրատվություններն են, այդ թվում՝ ֆիզիկական անձանց նվիրատվությունները կազմել են 1,7 մլն լարի, 31 հազար դոլար եւ 1000 եվրո»,-նշել Է Խադուրին:
Կառավարության կարգադրությամբ պետական բյուջեից հատկացվել Է 10 մլն լարի, որն արդեն փոխանցվել Է Թբիլիսիի քաղաքապետարանին»,-ասել Է նա:
Վրաստանի ֆինանսների նախարարը նաեւ հայտնել Է, որ զոհվածների ընտանիքներին օգնություն ցուցաբերելու համար երկրի նախագահի պահուստային ֆոնդից հատկացվել Է 200 հազար լարի, իսկ կառավարության պահուստային ֆոնդից ներկա փուլում արդեն հատկացված Է 150 հազար լարի: