Հարավային Կորեայում եւս երկու մարդ է մահացել կորոնավիրուսից
ՄիջազգայինԿորեայի Հանրապետությունում մերձավորարեւելյան շնչառական համախտանիշի կորոնավիրուսի (MERS) հարուցած բարդացումներից մահացել է եւս երկու մարդ: Այդպիսով, այդ հիվանդությունից երկրում մահացածների թիվը հասել է 23-ի: Ինչպես հայտնել է ԿՀ-ի առողջապահության եւ սոցիալական զարգացման նախարարության ներկայացուցիչը, հիվանդացածների ընդհանուր թիվը հասել է 165-ի:
Կորոնավիրուսով հիվանդանալու առաջին դեպքը Հարավային Կորեայի տարածքում գրանցվել է մայիսի 20-ին: Պարզվել է, որ վիրուսը, որը տարածվում է օդակաթիլային ճանապարհով, բերվել է ԿՀ-ի քաղաքացու կողմից, որը վերադարձել էր Մերձավոր Արեւելքի երկրներ կատարած ուղեւորությունից:
Կորոնավիրուսն առաջին անգամ մարդու մոտ բացահայտվել է 2012 թվականին Սաուդյան Արաբիայում: Դրանով վարակվելու դեպքեր են գրանցվել Հորդանանում, Քատարում, Արաբական Միացյալ Էմիություններում, Թունիսում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Իտալիայում, Ֆրանսիայում, ընդամենը 23 երկրներում, որտեղ պաշտոնապես հաստատվել է մարդկանց վարակվելու ավելի քան 1100 դեպք, որոնց 40 տոկոսը մահացու ելք է ունեցել: Հիվանդությունն սկսվում է որպես սովորական շնչառական ինֆեկցիա, որն ուղեկցվում է տենդով, հազով ու թոքաբորբով, բայց արագորեն ծանր ընթացք է ստանում՝ խոցելով թոքերը , հաղորդել է ՏԱՍՍ-ը: