Լրատվամիջոցները՝ ՌԴ միջուկային ռազմավարության շուրջ ՆԱՏՕ-ի փաստաթղթի մասին
Միջազգայինnews.am-ը գրում է.
ՆԱՏՕ-ի անդամ պետությունների պաշտպանության նախարարները հաջորդ շաբաթվա կեսերին քննարկելու են Ռուսաստանի միջուկային ռազմավարությունը: Այս մասին գրում է Welt am Sonntag-ը՝ վկայակոչելով Դաշինքի բարձրաստիճան դիվանագետի:
Պարբերականի փոխանցմամբ, հանդիպման հիմքում ՆԱՏՕ-ի ղեկավարության պատրաստած գաղտնի փաստաթուղթն է: Հավաքի մասնակիցները ցանկանում են վերլուծել, թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ինչպես կարող է միջուկային զենքն օգտագործել Արեւմուտքի հետ առճակատման ժամանակ, Մոսկվան ինչ հնարավորություններ ունի եւ այդ ամենից ինչ հետեւանքներ կարող են լինել ՆԱՏՕ-ի համար:
Ըստ РБКի, առայժմ հայտնի չէ, սակայն, արդյո՞ք ՆԱՏՕ-ն նոր երկարաժամկետ ռազմավարություն կմշակի, որը հաշվի կառնի ինչպես ավանդական, այնպես էլ միջուկային զենքի հնարավորություները:
«Բանակ 2015» համաժողովի բացման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել էր 40 միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների մասին, որոնք 2015 թվականին համալրելու են ռուսական բանակի սպառազինությունների շարքը: Ավելի ուշ Պուտինը խոստացել էր, որ Մոսկվան իր հարվածային ուժն ու միջոցներն ուղղելու է իրեն սպառնացող տարածքներին:
Հունիսի սկզբին էլ Associated Press-ը գրել էր Եվրոպայում կամ Ասիայում հրթիռների տեղակայման՝ Սպիտակ տան վարչակազմի ծրագրերի մասին: