Քաբուլում խորհրդարանի վրա թալիբների հարձակման զոհ Է դարձել հինգ մարդ
ՄիջազգայինԱֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում խորհրդարանի շենքի վրա զինյալների հարձակման զոհ Է դարձել հինգ մարդ: Այդ մասին հաղորդել Է TOLO News տեղական հեռուստաալիքը: Ավելի վաղ հաղորդվել Էր 21 տուժածների մասին:
Զինյալները խորհրդարանական համալիրի առջեւ պայթեցրել են ականապատված ավտոմեքենա, իսկ այնուհետեւ գրոհել են շենքը: Խորհրդարանի պահպանության ուժերը հետ են մղել գրոհը, հարձակվողները նահանջել են եւ բարիկադավորվել հարեւան շենքում:
Հարձակմանը հաջորդած հատուկ գործողության ընթացքում իրավակարգի ուժերը ոչնչացրել են դրան մասնակցած բոլոր յոթ զինյալներին: Գրոհի պատասխանատվությունն ստանձնել Է «Թալիբան» շարժումը:
Հունիսի 22-ին ավելի վաղ «Թալիբան» շարժման զինյալները վերջին մի քանի օրվա ընթացքում երկրորդ շրջանն են գրավել Աֆղանստանում: Երկրի հյուսիսի Կունդուզի նահանգի Դաշտի Արչե վարչական շրջանի ղեկավար Նասիրուդին Սայիդին հավաստել Է, որ այդ շրջանը հունիսի 22-ի առավոտյան անցել Է թալիբների հսկողության ներքո:
Սայիդին կենտրոնական կառավարությանը նախազգուշացրել Է Կունդուզի նահանգում ստեղծված ծանր իրադրության մասին: Հունիսի 20-ին, աֆղանական լրատվամիջոցների տվյալներով, զինյալներն այնտեղ գրավել են մեկ այլ շրջան՝ Չահար Դարան՝ սպանելով կառավարական բանակի 12 եւ վիրավորելով 16 զինծառայողի: Աֆղանստանի անվտանգության ուժերը հակաահաբեկչական գործողություն են սկսել խռովարարներից շրջանն ազատագրելու համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: