Թուրքիան Ռուսաստանին թույլատրել է սկսել «Թուրքական հոսք» գազատարի հետազոտական աշխատանքները
ՄիջազգայինԹուրքիան Ռուսաստանի «Գազպրոմ» ընկերությանը թույլատրել է սկսել «Թուրքական հոսք» գազատարի շինարարության երկրաբանական - տեխնիկական աշխատանքները:
«Գազետա»-ի փոխանցմամբ` խոսքը մասնավորապես գազատարի ծովային հատվածում ինժեներական աշխատանքների թույլտվության մասին է: Ըստ համաձայնության` թուրքական կողմը ռուսական կողմին թույլատրել է հետազոտական աշխատանքներ կատարել ինչպես տնտեսական գոտում, այնպես էլ Թուրքիայի տարածքային ջրերում:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Մոսկվան և Անկարան կարող են մինչև հունիս ամսվա վերջը համաձայնության գան «Թուրքական հոսքի» հարցով:
Նախագիծը նախատեսում է 63 մլրդ խորանարդ մետր հզորությամբ գազատարի կառուցում, որի հիմնական մասն անցնելու է Սև ծովի հատակով:
Ռուսական «Գազպրոմ» և թուրքական Botas ընկերությունները 2014 թվականի դեկտեմբերի 1-ին 63 մլրդ խորանարդ մետր ծավալով գազատար կառուցելու մասին հուշագիր էին ստորագրել, որով ռուսական գազը Սև ծովով հասնելու է Թուրքիա:
Ընկերություններն արդեն որոշել են նոր գազատարի երթուղին՝ ծովային հատվածով. այդ 660 կմ ձգվելու է այն երթուղով, որով նախատեսվում էր «Հարավային հոսք» գազատարի կառուցումն ու 250 կմ նոր միջանցքով՝ դեպի Թուրքիայի եվրոպական մաս: