Հարավային Կորեայում MERS վիրուսից մահացածների թիվը հասել է 31-ի
ՄիջազգայինՀարավային Կորեայում շնչուղիների մերձավորարեւելյան համախտանիշի կորոնավիրուսից (MERS) մահացածների թիվը հասել է 31-ի. հունիսի 26-ի առավոտվա դրությամբ վարակված է 181 մարդ: Այդ մասին հաղորդել է հանրապետության առողջապահության նախարարությունը:
Նախորդ օրվա համեմատությամբ կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է մեկով, եւս երկու մարդ մահացել է: Ներկայում կարանտինի ռեժիմ է հանձնարարված 2,9 հազար մարդու:
Հարավային Կորեայի կառավարությունը հունիսի 25-ին հայտնել Է, որ պատրաստում Է ավելի քան 15 տրիլիոն վոն (13,5 միլիարդ դոլար) ծավալով խթանման միջոցների ծրագիր, որպեսզի մեղմացնի տնտեսության վրա MERS-ի ազդեցությունը: Երկրի ֆինանսների նախարարությունն իջեցրել Է 2015 թվականի տնտեսական աճի կանխատեսումները՝ 3,8 տոկոսից մինչեւ 3,1 տոկոս: 2014 թվականին Հարավային Կորեայի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) աճել Է 3,3 տոկոսով: Երկրում սպառողական վստահության մակարդակը հունիսին իջել Է 2012 թվականի դեկտեմբերից ի վեր մինչեւ նվազագույնը՝ 99 կետ մայիսի 105 կետի դիմաց: 100 կետից ցածր ցուցիչի մեծությունը նշանակում Է, որ հոռետեսների թիվը գերազանցում Է լավատեսների քանակին:
Երկրում խուճապը չի հանդարտվում. մարդիկ խուսափում են հասարակական վայրերում կուտակումներից, օտարերկրացի զբոսաշրջիկները, հատկապես չինացիները, չեղյալ են հայտարարում պլանավորված ուղեւորությունները Կորեա: Ֆինանսների նախարարության տվյալներով՝ մայիսի 20-ից, երբ հայտնվեցին Հարավային Կորեայում MERS-ով վարակվածների մասին առաջին հաղորդումները, երկիր ճանապարհորդությունից հրաժարվել Է ավելի քան 120 հազար օտարերկրացի, իսկ հունիսի առաջին երկու շաբաթներին հանրախանութների հասույթը 2014 թվականի նույն ժամանակամիջոցի համեմատությաբ նվազել Է 30 տոկոսով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: