Հունաստանի ընդդիմությունը պահանջել է վարչապետի հրաժարականը
ՄիջազգայինՀունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը պետք է հրաժարական տա, հայտարարել է ընդդիմադիր «Համահունական սոցիալիստական շարժում» (ՀՍՇ) ձախակենտրոն կուսակցության առաջնորդ Ֆոֆի Գենիմատան, գրում է vz.ru-ն։
«Կառավարությունը պարտություն է կրել և երկիրը տանում է դեպի ազգային մեծ վայրիվերումներ։ Փակուղում հայտնված բանակցությունների պատասխանատվությունն իշխանությունը դնում է հույն ժողովրդի վրա։ Կառավարությունը փորձում է մարդկանց թակարդը գցել՝ արկածախնդրության և երկրի համար մեծ ծախսերի կեղծ երկընտրանքներ առաջադրելով»,-Գենիմատային մեջբերում է կայքը։
Նրա կարծիքով՝ հույների ճնշող մեծամասնությունը ցանկանում և պահանջում է, որ Հունաստանը եվրոգոտու հավասար անդամ և եվրոպական գործերին հավասար մասնակից պետություն լինի։
ՀՍՇ-ն երկար ժամանակ Հունաստանի իշխող կուսակցությունն է եղել, սակայն այս տարվա հունվարի 25-ին անցկացված ընտրություններում այն ստացել է 5%-ից քիչ ձայն։
Ավելի վաղ, Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտարարել է անցկացվելիք հանրաքվեի մասին, որի ժամանակ բնակիչները պետք է պատասխան տան պարտատերերի առաջարկներին։
Հանրաքվեն կկայանա հուլիսի 5-ին, ընդ որում՝ Ցիպրասը ցանկանում է պարտատերերին խնդրել աջակցման ծրագրի վերջնաժամկետը մի քանի օրով երկարաձգելու մասին, որը, ի դեպ, լրանում է հունիսի 30-ին։