Անբարի նահանգում 2014թ.-ից ի վեր ավելի քան 1500 դպրոց է ավերվել
Միջազգային«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից Անբարի նահանգի շրջափակումից ի վեր ավերվել են ավելի քան 1500 դպրոցներ: «Ավելի քան 1500 դպրոցներ ամբողջովին կամ մասնակի ոչնչացվել են` սկսած 2014թ.-ի ամռանից»,- նշել է նահանգի խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Իդա Ումմաշան՝ պարզաբանելով, որ դպրոցների մեծ մասն ԻՊ-ի հարձակման թիրախ է դարձել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, դպրոցներից շատերն ահաբեկիչներն օգտագործել են որպես շտաբ, որոնք ռմբակոծվել են իրաքյան բանակի և միջազգային կոալիցիայի կողմից:
Նա նաև տեղեկացրել է, որ Անբարում ավերված դպրոցների վերականգնման համար զգալի ֆինանսական միջոցներ են հարկավոր:
ՄԱԿ-ի տվյալներով, իրաքցի երեխաների շուրջ 70 տոկոսը, ովքեր ստիպված հեռացել են իրենց բնակավայրերից, այժմ զրկված են դպրոց հաճախելու հնարավորությունից:
Հուլիսի 13-ին իրաքյան բանակի ղեկավարությունը հայտարարել է Անբարի նահանգի ազատագրման ռազմական գործողությունների մեկնարկի մասին: Իրաքի պաշտպանության նախարարի խոսնակ Յահյա ազ Զուբեյդին նշել է, որ ազատագրման գործողություններն սկսվել են հուլիսի 13-ի առավոտյան՝ ավելացնելով, որ զինված ուժերը, ազգային կամավորական ջոկատները, ոստիկանությունը, Անբարի ցեղախմբերը միասնական պայքարում են «Իսլամական պետության» դեմ:
ԻՊ-ի վերահսկողության տակ է գտնվում նահանգի 80 տոկոսը: