Սիրիական բանակը և լիբանանյան «Հըզբոլլահ»-ը հաջողությունների են հասել Զաբադանիում
ՄիջազգայինՍիրիական բանակը լիբանանյան «Հըզբոլլահ»-ի հետ համագործակցության արդյունքում առաջխաղացում է արձանագրել Զաբադանի քաղաքում:
Ինչպես հաղորդում են սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, հակաահաբեկչական գործողությունների ընթացքում ոչնչացվել են մեծ թվով ահաբեկիչներ, նրանց պատկանող զենքերն ու թաքստոցները: Ռազմական աղբյուրների տեղեկացմամբ` բանակը վերահսկողություն է հաստատել Զաբադանի քաղաքի Զաատուտ թաղամասի մի քանի շինությունների վրա:
Ռազմական գործողությունների արդյունքում «Ջաբհա ան Նուսրա» խմբավորման ահաբեկիչներ են սպանվել: Պայքարն ահաբեկիչների դեմ շարունակվում է Հալեպի նահանգում: Մասնավորապես, Դուեյր Զիթուն, Թել Մլահ գյուղերում «Ջաբհա ան Նուսրա»-ի մեծ թվով աահաբեկիչներ են սպանվել:
«Իսլամական պետության» ահաբեկիչներ են սպանվել ռազմաօդային ակադեմիայի շրջանում: Բացի դրանից, Հալեպ քաղաքի Բանի Զեյդ, Սալիհին, Խալիդիա, աշ Շաար, ալ Լիրմուն, Բուսթան ալ Կադի, Ռաշիդին թաղամասերում ահաբեկիչների «որջեր» են ոչնչացվել:
Նախօրեին համատեղ ուժերով ազատագրվել են Զաբադանիի արևմտյան ծայրամասի Ջամիյաթ թաղամասի մի քանի շինություններ, ոչնչացվել են ահաբեկիչների թաքստոցներ: Սիրիական բանակը «Հըզբոլլահ»-ի հետ շուրջ մեկ ամիս շարունակ լայնածավալ ռազմական գործողություններ է ծավալում Զաբադանի քաղաքում՝ խոշոր վնասներ հասցնելով նրանց: