Եգիպտոսը Սուեզի ջրանցքի տակ թունելներ կփորի
ՄիջազգայինԵգիպտոսը որոշել է Սուեզի ջրանցքի տակ սկսել վեց թունելների կառուցման աշխատանքները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է Սուեզի ջրանցքի վարչակազմի ադմիրալ Մոհաբ Մամիշը՝ ավելացնելով, որ այն ջրային ուղու զարգացման երկրորդ էտապն է:
Նրա խոսքով, մի քանի թունելներ 11 մետր տրամագծով կփորվեն Իսմաիլիայի ծայրամասերում, ևս 2-ը` Պորտ Սայիդ շրջանում: Մամիշը նաև նշել է, որ ինժեներական կառույցները կմիավորեն աֆրիկյան հատվածը Սինայի հետ, որը կհեշտացնի ապրանքների և մարդկանց փոխադրումը: Ստորջրյա յուրաքանչյուր ուղու երկարությունը կլինի 3.5 կմ: Նախագծի ընդհանուր արժեքը կկազմի շուրջ 3.66 միլիարդ դոլար:
Եգիպտոսի նախագահ Աբդ ալ Ֆաթթահ աս Սիսին օգոստոսի 6-ին պաշտոնապես բացել է Սուեզի ջրանցքի նոր հունը, որը, ամենայն հավանականությամբ, կբարելավի երկրի տնտեսական վիճակը: Եգիպտոսը նոր ուղին սկսել է փորել նախորդ տարվա օգոստոսին:
72 կլիոմետրանոց նոր ուղին Եգիպտոսի համար արժեցել է 8 միլիարդ դոլար: Այն կկրկնապատկի ջրանցքի թողունակությունը՝ օրական 49-ից ավելացնելով մինչեւ 97 նավ: Կահիրեն հուսով է, որ երկրորդ հունի գործարկմամբ Սուեզի ջրանցքի ամբողջ համալիրի շահագործումից հասույթը մինչեւ 2023 թվականը, նվազագույնը, կեռապատկվի եւ կգերազանցի տարեկան 15 մլրդ դոլարը:
Սուեզի ջրանցքը, որը բացվել է 1869 թվականին, և պահպանում է կարևորագույն համաշխարհային ջրային զարկերակի դիրքերը: Դա Եվրոպայից Ասիա անցնող ամենակարճ ծովային ճանապարհն է, ինչպես նաև բեռնափոխադրումների ամենաէժան միջոցը: