Դոնեցկում ԵԱՀԿ-ին պատկանող 4 ավտոմեքենա է հրկիզվել
ՄիջազգայինԴոնեցկում այսօր ԵԱՀԿ-ի Հատուկ մոնիտորինգային առաքելության 4 զրահապատ մեքենաներ են այրվել: Ինչպես տեղեկացնում է Lenta.ru –ն, այդ մասին հաղորդվել է Twitter-ում առաքելության պաշտոնական միկրոբլոգում: Որպես հավանական վարկած նշվում է միտումնավոր հրկիզումը:
«Այսօր գիշեր Դոնեցկում առաքելության գրասենյակի մոտ հրկիզման հետևանքով ոչնչացել են ԵԱՀԿ-ի 4 ավտոմեքենաներ: Առաքելությունը դատապարտում է նման գործողությունները: Մանրամասները կհաղորդվեն ավելի ուշ»,- ասված է կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ:
Դոնեցկի Ինքնահռչակ Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդել է, որ գիշերն այրվել են ԵԱՀԿ-ի 6 մեքենաներ, որոնցից 3-ն ամբողջությամբ ոչնչացել են: Գերատեսչությունում նշում են, որ ահազանգը ստացել են 02:28-ին, իսկ 03:30-ին հրդեհը մարվել է:
Օգոստոսի 6-ին Դոնեցկի հարյուրավոր բնակիչներ բողոքի ակցիա էին կազմակերպել՝ ԵԱՀԿ դիտորդներին մեղադրելով օբյեկտիվ չլինելու համար: